Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է «մտահոգիչ որոշ հարցերի լուծումը տա»


«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսի խոսքով, Հայաստանի կառավարությունը գիտի, թե ինչ անել, որպեսզի Հայաստանը կրկին կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանա:

«Դա մրցույթի հիման վրա ընթացող գործընթաց է: Մենք ընտրում ենք այն երկրներին, որոնք հավատարիմ են լավ կառավարմանը, տնտեսական ազատություններին եւ պատրաստակամ են ներդրումներ կատարելու իրենց ժողովրդի համար: Ողջ աշխարհում մենք աշխատում ենք 22 երկրների հետ», - Արմավիրի մարզում պատասխանելով լրագրողների հարցերին` այսօր ասաց Դանիել Յոհանեսը:

Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դանիել Յոհանեսը մեկնել էր Արմավիրի մարզ` տեղում ծանոթանալու կորպորացիայի ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին:

«Այսօր ես այստեղ եմ` տեսնելու, թե անցյալում ինչ է կատարվել: Այս գործընթացները բավականին թափանցիկ են: Գիտեմ, որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ու նրանք բոլորը գիտեն, թե ինչ ոլորտներում պետք է աշխատեն», - նշեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը:

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրերը Հայաստանում կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Ծրագրի իրականացման 5 տարիների ընթացքում` 2006-2011թթ.-ին, կորպորացիայի ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կկազմեն 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Երեկ Դանիել Յոհանեսին ընդունել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում կորպորացիայի ծրագրերի «շարունակականության հեռանկարները»:

Այս առնչությամբ ամերիկացի պաշտոնյան ասաց. - «Աշխարհի բոլոր երկրները մենք չափում ենք նույն ցուցանիշներով: Իրենք [Հայաստանի իշխանությունները] քաջատեղյակ են, թե ինչ պետք է արվի: Եվ արդեն իրենք պետք է մտահոգիչ որոշ հարցերի լուծումը տան»:

Հիշեցնենք` ապրիլի կեսերին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչն ասել էր, թե Հայաստանը այս պահին չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի ֆինանսավորման համար, քանի որ, ի թիվս այլ հարցերի` նաեւ անցած ընտրությունների պատճառով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում կորպորացիայի պահանջներին:

Ինչպես հայտնի է, 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ էր հղել այդ պահին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանին, որում, մասնավորապես, գրել էր. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»: Մեկ տարի անց` 2009թ. հունիսին, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը` մոտ 68 միլիոն դոլար:

Ինչ վերաբերում է Հայաստանում կորպորացիայի ֆինանսավորած ծրագրերի իրականացման արդյունքներին, ապա Դանիել Յոհանեսն այսօր ասաց, թե «առաջընթաց է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG