Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի խորհրդարանի նախագահը Հայաստան այցելելու հրավեր է ստացել


Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Օսամա ալ-Նաջայիֆի, բարձրագույն կրթության նախարար Ալի ալ-Ադիբի, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Մուրադ Մուրադյանը եւ Օսամա ալ-Նաջայիֆը հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Իրաքում ապրող հայերի
դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ բնագավառներում:

Դեսպանը Իրաքի խորհրդարանի նախագահին է փոխանցել Հայաստան այցելելու` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովն արդեն ձեւավորել է հայ - իրաքյան միջխորհրդարանական խումբ, եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ:

Իրաքի բարձրագույն կրթության նախարարի հետ դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ բարձրագույն կրթության բնագավառում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները: Մուրադ Մուրադյանը նշել է Իրաքի ուսանողների` Հայաստանի համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Դեսպանը Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ներկայությամբ հանդիպել է Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձել Հայաստան - Սփյուռք փոխհարաբերություններին, Ղարաբաղյան հիմնախնդրին, հայ - թուրքական հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG