Մատչելիության հղումներ

«Որքանո՞վ են պաշտպանված կանայք եւ երեխաները աշխարհի տարբեր երկրներում, ի՞նչ պայմաններում են նրանք ապրում». - ամերիկյան Save the Children կազմակերպության փորձագետները երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում փորձել են գտնել այս հարցերի պատասխանը:

Ամերիկացի փորձագետները աշխարհի պետությունները բաժանել են երեք խմբի` առավել զարգացած, զարգացման միջին մակարդակի վրա գտնվող եւ թերզարգացած:

Հայաստանը այս ցուցակում հայտնվել է երկրորդ խմբում` Ուզբեկստանի, Վիետնամի, Թունիսի եւ Բոլիվիայի հետ միասին գրեթե նույնատիպ ցուցանիշներ արձանագրելով: Հարկ է, սակայն, նկատել, որ ամերիկացի փորձագետների գնահատականների համաձայն` Հայաստանը առաջ է անցել իր բոլոր հարեւաններից:

Հետազոտության ընթացքում Save the Children կազմակերպության մասնագետները համադրել են մոտ մեկ տասնյակ ոլորտներում երկրների արձանագրած ցուցանիշները` մանկական մահացության մակարդակից մինչեւ կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում:

Այսպես, զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ հղի կանանց տրամադրվող բժշկական ծառայությունների առումով Հայաստանն առաջատարների թվում է: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում արձանագրվող ծննդաբերությունների 100 տոկոսն անցնում է որակյալ բժշկական անձնակազմի հսկողության ներքո: Վրաստանում այդ ցուցանիշը 98 տոկոս է կազմում, Թուրքիայում` 91, Ադրբեջանում` 88:

Կանանց կյանքի միջին տեւողությունը Հայաստանում, ըստ ամերիկացի փորձագետների, 77 տարի է, Վրաստանում եւ Թուրքիայում` 75, իսկ Ադրբեջանում ու Իրանում` 73 տարի:

Save the Children-ի մասնագետները նաեւ հետազոտել են աշխարհի տաբեր պետություններում առկա սանիտարական պայմանները: Զեկույցի հեղինակներն այստեղ էլ Հայաստանում տիրող կացությունը ընդհանուր առմամբ բարվոք են գնահատում` նշելով օրինակ, որ երկրի բնակչության 96 տոկոսը ապահովված է որակյալ, սանիտարական նորմերին համապատասխանող խմելու ջրով: Վրաստանում այս ցուցանիշը 98 տոկոս է կազմում, իսկ Ադրբեջանում` շուրջ 80:

Կա, սակայն, մի ցուցանիշ, որով Հայաստանը զիջում է աշխարհի պետությունների զգալի մասին. խոսքը երկրի կառավարման համակարգում կանանց ներգրավվածության մասին է: Պարզվում է, որ Հայաստանում պատասխանատու պաշտոնների միայն 9 տոկոսն է, որ կանանց է վստահված: Վրաստանում այս ցուցանիշը ավելի ցածր է`շուրջ 7 տոկոս: Կառավարման համակարգում կանանց ներգրավվածության ցուցանիշով Հարավային Կովկասի առաջատարն է դարձել Ադրբեջանը, որտեղ պատասխանատու պաշտոնների շուրջ 16 տոկոսը զբաղեցնում են կանայք:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG