Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Ֆրանսահայերը նախատեսում են քննարկման պահին ցույց անցկացնել:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց օրինագիծը, համաձայն որի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Այնուհանդերձ, օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մինչեւ այժմ սպասում է Սենատի կողմից վավերացմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, Սենատի դահլիճում օրինագծի քննարկման պահին Սենատի շենքի դիմաց հայ համայնքի միասնական դիրքոշումը ներկայացնող հավաք է տեղի ունենալու` «ի զորակցություն օրինագիծը վավերացնելու պատրաստակամություն հայտնած ծերակուտականներին (սենատորներին), ինչպես նաեւ ի բողոք այն ծերակուտականներին, որոնք դեմ են քվեարկելու եւ որոնք արդեն ի սկզբանե հայտարարել են իրենց ընդդիմությունը»:

«Ներկա պահի դրությամբ, գրեթե 50:50 տոկոսով թեր եւ դեմ կարծիքների արտահայտություն կա, քվեների պատկերը ընդհանրապես ֆրանսիական մամուլը այս պարագայում նաեւ դնում է հավասար դիրքերի վրա, իսկ հայ համայնքի ղեկավարության` բազմապիսի եւ բազմազան եւ բազմաճյուղ բոլոր հոսանքների հետ կատարած ելույթների ընթացքում, նաեւ հարաբերությունների ընթացքում, ունենք այն համոզումը, որ ֆրանսիացի ծերակուտականները կկարողանան քվեարկել եւ ճիշտ դիրքորոշվել` ժխտողականության դեմ օրենքին թեր (կողմ) քվեարկելով», - ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

Տվյալ հարցում Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման դերի եւ նշանակության վերաբերյալ հարցին Վարժապետյանը արձագանքեց. - «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումը, որ տեղի ունեցավ հայ համայնքի հետ անցյալ շաբաթ օրը` Ելիսեյան պալատում, որի ընթացքում հայ համայնքը ներկայացավ միասնական դիմագծով` իր բոլոր հոսանքներով, նախագահը մեկուկես ժամվա հանդիպման ընթացքում փորձեց բացատրել եւ հաստատել ու համոզել հայ համայնքին` պատվիրակության միջոցով, որ ինքը դեմ չէ, ընդհակառակը` ինքը միշտ էլ ցեղապաշտության դեմ է եղել, եւ ժխտողականությունը իր համար համազոր է ցեղապաշտության, եւ թե ինքը` իբրեւ հանրապետության նախագահ եւ իշխող կուսակցության ղեկավար, որեւէ արգելք չի դնելու ծերակուտականների առջեւ եւ ազատ է թողնելու ծերակուտականներին` քվեարկելու ըստ իրենց տեսակետի եւ ըստ իրենց մտածողության: Սա մենք համարում ենք արդեն իսկ մեկ քայլ դեպի առաջ»:

Նշելով, որ պետական մակարդակով թուրքական պատվիրակություններ են իրար հաջորդում` հասնելով մինչեւ Ֆրանսիայի կառավարություն եւ արտգործնախարարություն եւ փորձելով արգելակել օրինագծի ընդունումը, Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը շեշտեց. - «Հանրապետության նախագահի այս հավաստիացումը եւ այս հաստատումը բավական գոտեպնդում է մեր համայնքը, եւ, անշուշտ, մեր աշխատանքները, մեր պայքարը` այս իմաստով»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG