Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քննադատում է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ սեպ խրելու` Թուրքիայի ջանքերը


Հայաստանի նախագահը աշխարհի պետություններին կոչ է անում հետեւել Շվեյցարիայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ դրանում Շվեյցարիայի իրականացրած միջնորդական դերին:

«Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար», - ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ասել է Սերժ Սարգսյանը: - «Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջեւ սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը»:

Զարմանք հայտնելով, որ Թուրքիայում չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձեւավորված Սփյուռքը Հայաստանի եւ հայ ժողովրդի անբաժան մասն է, Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից Սփյուռքը գործով է ապացուցել, որ «Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է»:

«Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով եւ հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաեւ մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը», - ասել է Հայաստանի նախագահն ու հավելել` Սփյուռքը «մեր հպարտությունն է, մեր ուժն է»:

Անդրադառնալով մեկ այլ` իր բնորոշմամբ «կարեւորագույն հանգամանքի»` Շվեյցարիայի միջնորդական առաքելությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե դա լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի եւ ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում:

«Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, եւ դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի եւ մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական եւ ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին», - նշել է նախագահը:

«Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է եւ պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար», - եզրափակել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG