Մատչելիության հղումներ

Տնտեսագետը ՀԴՄ կտրոնների ներդրումը անարդյունավետ է գնահատում


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը կարծում է, որ ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանության կարգում կատարված հերթական փոփոխությունը ցույց է տալիս, որ ՀԴՄ կտրոնների համատարած կիրառմամբ փոքր ու միջին բիզնեսում ստվերայնությունը կրճատելու կառավարության նախաձեռնությունը ձախողվել է:

Համաձայն կառավարության որոշման` այս տարվա ապրիլից 2, 3 եւ 4 նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները այլեւս շահող չեն համարվում: Շահող համարվելու են 5 եւ ավելի նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները, իսկ շահումներն էլ լինելու են յուրաքանչյուր ամսին խաղարկվող միայն 15 ավտոմեքենաները, սակայն չի բացառվում, որ հաջորդ տարի էլ փոփոխություններ կատարվեն վիճակահանության կարգում:

Հիշեցնելով, որ անցած տարի էլ կառավարությունը հրաժարվեց բոնուսներից, երբ չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց որոշակի գումար էր ետ վերադարձվում` կախված կտրոնների արժեքից, Գալոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Սա նշանակում է, որ իշխանությունները փորձում են ՀԴՄ կտրոնից հրաժարվել, կամաց-կամաց ընդունել, որ սխալվեն են ՀԴՄ կտրոններ ներդնելով, հանել այդ երեւույթը, բայց այնքան անկեղծ չեն, որ հենց սկզբից ասեն, որ տապալել են այդ ձեռնարկը, որովհետեւ այն ակնհայտորեն տնտեսական արդյունավետություն չունեցավ»:

ՀԴՄ կտրոններ կիրառելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել դեռ 1998 թվականին, սակայն գործադիրի նախաձեռնությամբ այդ կտրոնների կիրառումը, պարտադիր դարձավ միայն 2009 թվականի սկզբից:

Արա Գալոյանի խոսքով` ՀԴՄ կտրոնների հետ կապված կառավարության այս ողջ նախաձեռնությունն անարդյունավետ է. - «Ամեն ամիս 25 հազար ստացողների թիվը չափազանց քիչ է, էլ չեմ խոսում խոշոր շահումների մասին: Խոշոր շահումներ չեղան, դրա համար փորձեցին ավելի մոդեռնիզացնել շահումները, սկսեցին ասել, որ հաշվարկը կգնա 2-րդ, 3-րդ թվից` իբր շահելու հնարավորությունը մեծացնելու համար: Յուրաքանչյուր խաղարկությունից հետո 4-5 հարյուր հոգի 5000-ական դրամ շահում էր ստանում, իսկ այդ 5000 դրամի համար սպառողը այստեղ-այնտեղ ՀԴՄ կտրոն չի խնդրի, իր մշտական խանութից ՀԴՄ կտրոն չի պահանջի»:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնվեց այն գնահատականի հետ, որ ՀԴՄ կտրոնների վիճակահանության կարգում փոփոխությունները վկայում են, թե դրանց կիրառումը համատարած դարձնելու իշխանությունների նպատակները չեն իրականացել:

«Կտրականապես դեմ եմ այդպիսի կարծիքներին: Նախ եւ առաջ կառավարությունը համարձակություն ունեցավ 13 տարիներից հետո առաջին անգամ ՀԴՄ-ների ներդրման լուրջ քայլեր կատարել: Եթե 3 տարի առաջ չգիտեինք, թե ՀԴՄ կտրոնը ինչ բան է, այժմ բոլորս գիտենք, այսինքն այդ մշակույթը ներդրեցինք: Դա այս 2.5 տարում նստեց 10 միլիարդ դրամ», - ասաց Ալավերդյանը:

Ալավերդյանը ներկայացրեց նաև տվյալներ, թե անցած մոտ 2.5 տարում` ՀԴՄ կտրոնների համատարած կիրառմամբ ինչ հաջողություններ են գրանցվել փոքր ու միջին բիզնեսին հարկային դաշտ բերելու առումով:

«2009-ը ճգնաժամին հաջորդող տարի էր, երբ բոլոր ճյուղերը միջինը 14 տոկոսի անկում ունեցան, սակայն մանրածախ առեւտրի շրջանառությունների ֆիքսացիան նույն մակարդակի վրա մնաց: Մանրածախ առեւտուրը գրեթե միակ ճյուղն էր, որ 2009-ին ընդհանրապես անկում չունեցավ, իսկ 2010-ին նույնիսկ 1 տոկոսի չափով աճ գրանցվեց այդ ոլորտում», - ասաց Ալավերդյանը` հավելելով, որ 2 տարում մանրածախ առեւտրի ոլորտից շուրջ 20 միլիարդ դրամի լրացուցիչ հարկեր է մուծվել պետբյուջե:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG