Մատչելիության հղումներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` հայաստանյան մամուլը այժմ գտնվում է կիսաազատից ոչ ազատ լինելու եզրագծին: Մելիքյանը կարծում է, որ հետընթացը վերջին տարիներին ակնհայտ է:

«Իսկապես շատ մտահոգիչ իրավիճակ է, երբ զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես, տպագիր մամուլի դեմ ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչներ` դրանով իսկ ապացուցելով, որ նրանք այնքան էլ չեն գնահատում մամուլի դերը, այնքան էլ հանդուրժող չեն քննադատության հանդեպ եւ կուզենային, որ մամուլը կառավարելի լինի», - ասաց Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր խնդիրներով հանդերձ լրագրողներն այսօր ամենապաշտպանված խավն են Հայաստանում:

«Վերջին ատյանը համարում են լրագրողներին, սովորական մարդիկ լրատվամիջոցներին, լրագրողներին ավելի մեծ տեղ են տալիս, քան դատավորներին», - ասաց Բաղդասարյանը:

«Հետք»-ի խմբագիրը դեմ է, որ լրագրողների իրավունքները պաշտպանի օմբուդսմենը, որի նախաձեռնությամբ մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղծել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ:

«Ես դեմ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանի լրատվամիջոցներին, որովհետեւ ես նրան կարող եմ առաջարկել մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ այլ վայրեր: Մեր իրավունքները մենք պետք է պաշտպանենք», - շեշտեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով լրագրողական դաշտում այս օրերին ամենաշատ քննարկվող զրպարտության եւ վիրավորանքների հոդվածները ապաքրեականացնելու թեմային` Աշոտ Մելիքյանն ասաց, թե ենթադրվում էր, որ այդ փոփոխությունը քաղաքակիրթ նախաձեռնություն է, ուղղակի Հայաստանն այն երկրներից է, որ լավ բան անելիս հակառակ արդյունքն է ստացվում:

«Օրենքը փոփոխելուց պետք էր հաշվի առնել նաեւ այն, որ մեզանում չկա անկախ դատական համակարգ, որ մեր քաղաքական վերնախավը եւ առհասարակ քաղաքական դաշտը այն կուլտուրան չունի, որ հանդուրժող լինի քննադատության հանդեպ», - ասաց Մելիքյանը:

Այսօր լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները կիսվեցին մեկ հարցում: Կարծիք հնչեց, որ այս պահին դատական գործընթացների մեջ գտնվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի առաջարկը` համախմբվել եւ դատական հայցի հիմք դարձած բոլոր հոդվածները բոլոր թերթերում տպելը, ճիշտ է: Մինչդեռ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ այդ առաջարկը քննարկման կարիք ունի:

«Լրատվամիջոցների մեծ մասը վստահ է, որ ինքը միշտ ճիշտ է, իր ժուռնալիստիկան անթերի եւ որ իր համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի եւ ինչ ուզի, կգրի: Այդպես չի լինի», - ասաց Աբրահամյանը` նաեւ բացատրելով, թե ինչու չի ուզում վերատպել այդ հոդվածները. - «Իսկ եթե իսկապես վիրավորե՞լ է, եթե իսկապես այնպիսի ոչ ցենզուրային բառ է գրել, որից այդ մարդը վիրավորվել է: Ինչո՞ւ ես պետք է այդ ոչ ցենզուրային բառը, ի նշան համերաշխության, տպագրեմ իմ թերթում»:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին անհանգստացնում է զրպարտության եւ վիրավորանքի համար պահանջվող դրամական փոխհատուցումների չափը:

«Շատ ճիշտ կլիներ, եթե Քոչարյանների ընտանիքը դատի տար եւ պահանջներ ընդամենը 1 դրամ խորհրդանշական տուգանք, ինչը կատարվում է Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Մարդիկ այդ կուլտուրան են ստեղծել: Ուզում են ասել, որ իրենց համար կարեւոր է իրենց ճշմարտությունը պաշտպանելն է», - ասաց Ավետիքյանը:

Արամ Աբրահամյանի կարծիքով էլ` դատավորները ունեն այդ հայցերը մերժելու բոլոր հիմքերը. - «Բարոյական վնասի նյութական փոխհատուցումը այն ժամանակ իմաստ ունի, եթե վնասված մարդը ունի դրա կարիքը: Եթե նա հայտարարում է, որ ինձ այդ փողը պետք չէ եւ ես դա կփոխանցեմ մանկատանը, ուրեմն այդ նյութական պահանջը անիմաստ է»:

Էդիկ Բաղդասարյանը համոզված է, որ հայկական դատարաններում տանուլ տված գործերը լրատվամիջոցները կարող են շահել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG