Մատչելիության հղումներ

Միջնորդները հրապարակեցին Ղարաբաղին հարող տարածքներում դիտարկման ամփոփումը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա), Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա), Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մարտի 23-24-ը Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման ամփոփումը:

Համանախագահները փաստաթղում նշել են, որ 2010 թվականի հոկտեմբերի 7-12-ը դաշտային առաքելություն են անցկացրել «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում»` գնահատելու համար տեղում տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական եւ այլ հարցերով:

Համազեկուցողներին են միացել նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ իր թիմը, որոնք նյութատեխնիկական աջակցություն են տրամադրել: Համազեկուցողների հետ են եղել նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետներ եւ 2005 թվականի ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության խմբից մեկ անդամ:

«Սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն է եւ ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում», - նշում են համանախագահները:

«Անցնելով ավելի քան հազար կիլոմետր` համանախագահները տեսան Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորմանը չհասնելու աղետալի հետեւանքների վառ ապացույցները: Քաղաքներն եւ գյուղերը, որ գոյություն են ունեցել տարածքում հակամարտությունից առաջ, այժմ լքված են եւ դատարկ` գրեթե ամբողջությամբ ավերակների վերածված: Չնայած չկան արժանահավատ տվյալներ, բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 14 հազար մարդ, ովքեր ապրում են Լաչինում, Քելբաջարում եւ մի քանի փոքր բնակավայրերում», - ասված է փաստաթղթում:

Համանախագահները գնահատել են, որ այս տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005 թվակնանից ի վեր: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում եւ հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր:

Ադմինիստրատիվ նպատակներով 7 տարածքները, նախկին ԼՂԻՄ-ը եւ այլ շրջաններ վերակազմավորվել են 8 նոր շրջանների:

«Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն խաղաղ բանակցությունների հիման վրա կարգավորումը կարող է ավելի լավ եւ որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարածքներում, եւ նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ», - ասված է փաստաթղթում:

Համանախագահները կոչ են անում բոլոր կողմերի առաջնորդներին` «խուսափել վիճելի տարածքներում որեւէ գործունեություն ձեռնարկելուց, որը կարող է ներազդել վերջնական կարգավորման վրա եւ փոխել այդ տարածքների բնույթը»:

Նրանք նաեւ խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել տարածքներում գերեզմանները եւ սրբավայրերը պահպանելու համար, ինչպես նաեւ ճշգրտել այն բնակիչների կարգավիճակը, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթղթեր:

Համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ անցկացնել նաեւ այլ տարածքներում, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, եւ համապատասխան միջազգային կառույցներից այնպիսի փորձագետների ներառել, որոնք ներգրավված կլինեն խաղաղ կարգավորման գործընթացում:

Լեռնային Ղարաբաղում քննադատում են այս զեկույցը

ԼՂ-ի խորհրդարանի Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Վահրամ Բալայանն այն կարծիքին է, որ համանախագահները նպատակ ունեն ստեղծել մի իրավիճակ, որը թույլ կտա ստիպել հայկական կողմին տարածքներ զիջել:

«Ասել, որ այս տարածքներում հոծ բնակչություն կա, իհարկե, այդպես չէ, բայց մյուս կողմից էլ ասել, որ գործընթաց չկա, դա նույնպես սխալ է: Դիտորդները բավականին խտացրել են գույները, սա նույնպես նպատակային է, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրել, որ եթե այս տարածքները չեն օգտագործվում, բնականաբար ձերը չպետք է լինեն», - կարծում է Բալայանը:

ԼՂ-ի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը նշում է, որ զեկույցում տեղ գտած տերմիններն ու ձեւակերպումները անընդունելի են ղարաբաղյան կողմի համար: Պատգամավորը զեկույց է ոչ օբյեկտիվ է գնահատում, քանի որ, նրա խոսքով, դա միակողմանի ուսումնասիրություն է եւ նշված չէ ստեղծված իրավիճակի մեղավորի անունը` ի դեմս Ադրբեջանի:

Քաղաքագետ Մասիս Մայիլյանը, միչդեռ, կարծում է, որ զեկույցը մոտ է ճշմարտությանը: Սակայն նա եւս այն օբյեկտիվ չի գնահատում, քանի որ համանախագահներն ու փաստահավաք խումբը չի այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ: Մայիլյանը համաձայն է համանախագահների հետ, որ ստատուս քվոն անընդունելի է:

«Մենք կցանկանայինք ստատուս քվոյի փոփոխություն, բայց դրական փոփոխություն, որովհետեւ պատերազմը եւս ստատուս քվոյի փոփոխություն է: Այն պետք է դրականորեն փոխվի, որը կբերի հարատեւ խաղաղության, եւ այս պայմաններում դրան հասնելու համար միակ ճանապարհը մենք տեսնում ենք Արցախի միջազգային ճանաչման մեջ: Ցավոք սրտի, համանախագահները դեռ պատրաստ չեն այդ կարգի առաջարկություններ մտցնելու եւ դեռ առաջնորդվում են հնացած մեթոդաբանությամբ` փորձելով իրավիճակը բերել փոխզիջման տարբերակի», - ասաց Մայիլյանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը դեռեւս չի արձագանքել զեկույցին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG