Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի համար վերջապես վրան տեղադրվեց


Արդեն 9-րդ օրը հացադուլ անող «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հինգշաբթի օրը վերջապես վրան տեղադրվեց Երեւանի Ազատության հրապարակում:

Ոստիկանները հեռվում կանգնած հետեւում էին վրանի տեղադրմանը եւ չմիջամտեցին, մինչդեռ անցած 9 օրերին հենց ոստիկանությունն էր տարբեր պատճառաբանություններով արգելում վրանի տեղադրումը:

Ինքը` Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե վրանի կարիք չունի:

«Հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական մեր հանրությունը պարզապես իր համաքաղաքացու նկատմամբ արտահայտել է այն սրտացավությունը, որը առաջին հերթին պետք է լիներ իշխանության կողմից», - նշեց Հովհաննիսյանը` հավելելով. - «Իշխանության դեմքի արտահայտությունն էր վրանի արգելումը»:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ վրան չտեղադրելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին վտանգ է սպառնում:

«Այս 8-9 օրերին, երբ իշխանությունները, ինչպես օմբուդսմենի հայտարարությունն է որակում, ի դեմս ոստիկանության մարմինների, գործել են անհամաչափ, ուղղակի բարդացրել են իրավիճակը այն աստիճան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ մտահոգ քաղաքացիները չափազանց մտահոգված էինք մնում իր կյանքի համար հնարավոր վտանգներով», - ասաց Սաֆարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG