Մատչելիության հղումներ

Ամերիկացի սոցիոլոգները, ամփոփելով 2010 թվականին աշխարհի մոտ 100 պետություններում անցկացված հարցումների արդյունքները, ամբողջական մի ցանկ են հրապարակել, որից պարզ է դառնում, թե տարբեր երկրներում ինչպես են վերաբերում համաշխարհային քաղաքականության առաջատարներին:

Մեր երկրում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, հայաստանցիների 75 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը` այն բնութագրելով որպես արդյունավետ: Այս մտքին ընդդիմացող մեր հայրենակիցների թիվը աննշան է` ընդամենը 7 տոկոս:

Ի դեպ, հարեւան Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքականությունը դրական ընկալողների թիվը եւս քիչ չէ` մոտ 54 տոկոս:

Ընդհանուր առմամբ, ռուսամետության ցուցանիշներով Հայաստանը զիջում է միայն Տաջիկստանին, Ուզբեկստանին, Ղրղըզստանին եւ Արեւմտյան Աֆրիկայում գտնվող Մալի պետությանը:

Ինչպեսեւ կարելի էր ակնկալել, մեր մյուս հարեւան պետությունում` Վրաստանում, վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ խիստ բացասական է: Հարցված վրացիների 76 տոկոսը խստորեն դատապարտում է պաշտոնական Մոսկվայի քաղաքական ուղեգիծը եւ միայն 6 տոկոսն է, որ արդյունավետ է գնահատում այն քայլերը, որ իրականացնում են Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը:

Աշխարհի պետություններից Ռուսաստանի նկատմամբ վստահության նման ցածր մակարդակ առկա է նաեւ Կոսովոյում, որտեղ ռուսամետ տրամադրություններ ունեցող քաղաքացիների թիվը չի գերազացնում 7 տոկոսը:

Ի դեպ, մյուս պետությունը, որի ղեկավարության քաղաքականությունն արժանանում է Հայաստանի բնակիչների ջերմ աջակցությանը, Ֆրանսիան է: Հայաստանցիների 62 տոկոսը դրական եւ միայն 12 տոկոսն է բացասական գնահատում Սարկոզիի վարչակազմի գործունությունը: Վրաստանում Ֆրանսիային դրական են վերաբերում հարցվածների 43, Ադրբեջանում` 42, իսկ Թուրքիայում` ընդամենը 22 տոկոսը:

Միացյալ Նահագների հանդեպ հայաստանցիների վերաբերմունքը եւս բավական դրական է: 2010-ին անցկացված հարցումների համաձայն, հայաստանցիների 50 տոկոսը դրական է գնահատում ԱՄՆ-ի ղեկավարության գործունեությունը, իսկ 32 տոկոսը` բացասական: Նշեմ, որ նախորդ երկու տարիներին Վաշինգտոնի նկատմամբ վստահության ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր էր` 54 տոկոս: Ադրբեջանում Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի քաղաքականությանը հավանություն է արժանացրել հարցվածների 58, իսկ Վրաստանում` ընդամենը 47 տոկոսի շրջանում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակիչները, ըստ Gallup-ի հրապարակած տվյալների, վատ չեն ընկալում նաեւ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունը: Այսպես, գերմանական ղեկավարության հանդեպ բավական դրական մոտեցում ունի հայաստանցիների 57, իսկ Մեծ Բրիտանիայի նկատմամբ` 45 տոկոսը:

Անդրադառնալով հարեւան Թուրքիային` նշեմ, որ այս երկրի բնակիչները աչքի են ընկնում գերտերությունների եւ դրանց ղեկավարների մասին ունեցած իրենց բացասական կարծիքով: Այսպես, Ռուսաստանի նկատմամբ դրական է տրամադրված թուրքերի 21 տոկոսը, իսկ բացասաբար` 36-ը: Ավանդաբար Անկարային աջակցող Մեծ Բրիտանիայի ղեկավարների քաղաքականությունը դրական է գնահատել թուրքերի 23, իսկ բացասաբար` շուրջ 34 տոկոսը: Գերմանիայի պարագայում այս ցուցանիշները գրեթե հավասար են` 31 տոկոս բացասական եւ 30 տոկոս դրական:

Ընդհանուր առմամբ Gallup-ի տվյալները վկայում են, որ աշխարհում գերտերություններն այնքան էլ բարձր վարկանիշ չունեն: Ռուսաստանի ղեկավարության գործունեությունը արդյունավետ է համարում աշխարհի բնակիչների ընդամենը 27 տոկոսը, Մեծ Բրիտանիայինը` 35, իսկ, ասենք, Ֆրանսիայինը` 39 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG