Մատչելիության հղումներ

Իշխանությունները Գյումրիի բնակարանաշինության ծրագրի առաջին փուլից «հետեւություններ են արել»


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է Գյումրիի «Մուշ2» թաղամաս, 24-ը մարտի, 2011թ.
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է Գյումրիի «Մուշ2» թաղամաս, 24-ը մարտի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը այցելել է Գյումրի եւ ծանոթացել «Մուշ-2» թաղամասում պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի ընթացքին, որը նախկինում նրա խիստ քննադատությանն էր արժանացել:

Գյումրիի «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում այժմ իրականացվող բնակարանաշինական պետական ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել 1756 բնակարան:

«Մուշ-2» թաղամասում բնակարանային շինարարության ծրագրի առաջին փուլի ավարտին` 2009-ի դեկտեմբերին, երբ գրեթե ավարտին էր հասցվել 1056 բնակարան, նախագահը այցելել էր շինհրապարակ եւ, այցելելով մի քանի նորակառույց բնակարաններ, խիստ դժգոհություն էր հայտնել շինարարական որակից ու պահանջել էր հետաձգել դրանց շահագործման հանձնումը մինչեւ հայտնաբերված թերությունները չշտկվեն: Արդյունքում բնակարանները շահագործման էին հանձնվել միայն 2010-ի հուլիսին:

Բնակարանաշինական ծրագիրն իրականացնող շինարարական ընկերությունը` «Գլենդեյլ Հիլզ»-ը, այս անգամ որպես նմուշ ավարտին էր հասցրել ընդամենը երկու բնակարանի ներքին հարդարման աշխատանքները, որպեսզի Սերժ Սարգսյանը հավանություն տար ու մնացած բնակարանները այդ սկզբունքով կառուցվեն:

Հարդարված բնակարանները զննելուց հետո Սերժ Սարգսյանը դրանց որակի մասին լրագրողներին ոչինչ չասաց, սակայն բնակարանը զննելիս նախագահն ասել էր, թե` «նորմալ որակ է»:

«Գլենդեյլ Հիլզ»-ի գործադիր տնօրեն Վահե Ալմոյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին:

«Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքները ընթանում են ըստ նշված պլանի», - նշեց կառուցապատող ընկերության գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է պետական բնակարանաշինության ծրագրի առաջին փուլով կառուցված բնակարանների մի մասում հայտնաբերված թերություններին, դրանցից մեկում տեղի ունեցած փլուզմանն ու ստացված շուրջ 80 դիմում-բողոքներին` Վահե Ալմոյանն արդարացավ, թե` «22 շենքի դեպքում հնարավոր չէ, որ չլինեն խնդիրներ»:

Նախագահի հետ Գյումրի էր այցելել նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ով հայտարարեց, թե բնակարանաշինության ծրագրի նախորդ փուլից իշխանությունները դասեր են քաղել:

«Անցյալ տարվա դառը փորձից ելնելով մենք հետեւություններ ենք արել, այդ թվում նաեւ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, համապատասխան մասնագիտացված կազմակերպության հետ պայմանագիր ենք կնքել, եւ եռամսյակը մեկ մեզ մասնագիտական եզրակացություն են տալիս կապված շինարարության որակի հետ», - նշեց նախարարը:
XS
SM
MD
LG