Մատչելիության հղումներ

Վճարահաշվարկային կազմակերպությունների թոշակառուների ցուցակներում մահացածներ կան


Կառավարությունը կեղծիքներ է գտել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հետ կենսաթոշակների կանխիկ վճարումներ կատարելու համար պայմանագրեր կնքած վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացրած կենսաթոշակառուների ցուցակներում:

Հինգշաբթի օրը Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այդ ցուցակներում հայտնաբերվել են մահացած մարդկանց անուններ:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում այս տարվա սկզբից վճարահաշվարկային կազմակերպությունները հնարավորություն ստացան պայմանագրեր կնքել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւ իրականացնել կենսաթոշակների կանխիկ վճարումներ: Նախարարության հետ արդեն պայմանագիր է կնքել 5 ընկերություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` պայմանագիր կնքած վճարահաշվարկային կազմակերպությունները շատ կարճ ժամկետում ներկայացրել են իրենց դիմած 34 հազար կենսաթոշակառուի ցուցակ` այն պարագայում, երբ «բոլոր բանկերը միասին հասցրել էին 10 հազար հայտ ստանալ»:

«Ես հանձնարարեցի, որպեսզի վերահսկողական ծառայությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները։ Կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում», - ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս «կեղծարարության շնորհիվ փող վաստակել»։

«Դրա համար մինչեւ ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էր մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակն ստանալ», - ասաց նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով` 121 հոգի Հայաստանում չեն եղել, բայց դիմումներ են ներկայացրել, 14 հոգու ընդհանրապես հնարավոր չի եղել հայտնաբերել:

«Մի քանի անգամ գնացել են այդ մարդկանց բնակարանները, ոչ ոք չկա այնտեղ, բայց այդ ծառայություն մատուցողները բերել են դիմումները, որ այդ մարդիկ ուզում են իրենց միջոցով թոշակ ստանալ։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի դեռ վերջնականապես պարզված չեն հանգամանքները, բայց այս պահի դրությամբ արդեն 421 դեպք հայտնաբերվել է հենց մի վճարային ծառայության մոտ», - շեշտեց նա։

Վարչապետը չհստակեցրեց, թե որ կազմակերպության մասին է խոսքը. - «Այդ մարդիկ չեն հանգստանում, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ։ Սա է իմ կարծիքն այս բացահայտումների վերաբերյալ»։

Վարչապետի խոսքն ուղղված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության լուծարված վճարումների ծառայության աշխատակիցներին, որոնց մի մասը աշխատանքի տեղավորվեց վճարահաշվարկային կազմակերպություններում:

«Եվ ամենասարսափելին այն է, որ չնայած այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որտեղ հրապարակումներ են կատարվում, վերահսկողություն է իրականացվում, ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է զբաղվում է ցուցակների ճշգրտումով, բայց այդ մարդկանց սա բացարձակապես չի կաշկանդում», - ասաց նա` առաջարկելով դադարեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը մինչեւ ցուցակների ճշգրտումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը, ով նաեւ նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնակատարն է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վճարահաշվարկային երկու կազմակերպության` «Ադալեւ Ռիա» եւ «Մեգա Պանտերա» ընկերությունների ներկայացրած ցուցակներում են հայտնաբերվել մահացած կենսաթոշակառուների անուններ:

«Ադալեւ Ռիա» վճարահաշվարկային ընկերության տնօրեն Արամ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ իրենց կազմակերպության ցուցակներում լինեն մահացած կենսաթոշակառուների անուններ:

«Իմ ցուցակի մեջ այսօր 8700 կենսաթոշակառու կա, եւ 8700 հոգու համար էլ կարող եմ ասել, որ նրանք ռեալ մարդիկ են: Ուղղակի մենք հունվարի 24-ին ենք ստորագրել պայմանագիրը սոցապ նախարարի հետ, հունվարի 27-ից սկսել ենք դիմումներ ստանալ, այդ ընթացքում մեր ընկերություն դիմածներից 3 հոգի մահացել են, նրանք ցուցակներից հանվել են», - ասաց Ստեփանյանը` հավելելով, որ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել, սակայն դժվարացավ ասել` ով:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG