Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը տխուր լուր ստացվեց Լոս Անջելեսից` կյանքի 80-րդ տարում վախճանվել է Հոլիվուդի լեգենդար աստղ Էլիզաբեթ Թեյլորը։

Կինոգետները Բրիտանիայում ծնված եւ մանուկ հասակում ընտանիքով Ամերիկա տեղափոխված Էլիզաբեթ Թեյլորին համարել են Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհի։ Ամերիկայի Կինոյի ինստիտուտը Առասպելական դերասանուհիների ցանկում Թեյլորին տվել է պատվավոր 7-րդ տեղը։

Շատերի համար Էլիզաբեթ Թեյլորը կախարդական Կլեոպատրան էր 1963 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմից, որտեղ իր խաղընկերը ապագա ամուսինն էր` Ռիչարդ Բարթոնը, ով մարմնավորել է Մարկոս Անտոնիոսի դերը։

Ռիչարդը Էլիզաբեթի ո'չ առաջին եւ ո'չ էլ վերջին ամուսինն էր։ Բայց նա միակն էր, ում հետ գեղեցկուհին երկու անգամ է ամուսնացել։ Առաջին ամուսնությունը մեկ տասնամյակ է տեւել` 1964-74 թվականներին, ապա 1975-76 թվականներին նրանք եւս երկու տարի ամուսիններ են եղել։

Հարուստ կենսագրություն է անձնական կյանքի առումով` յոթ ամուսին, չորս զավակ, տասը թոռ, չորս ծոռ։

Նույնքան հարուստ է ստեղծագործական կյանքը` Էլիզաբեթ Թեյլորը բազում դերեր է կատարել, խլացուցիչ հաջողությունների հասել։

Առաջին «Օսկար»-ը Էլիզաբեթ Թեյլորը վաստակել է 1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի համար։ Ապա եւս մեկ «Օսկար» 1967 թվականին է վաստակել «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։

Բացի այդ, «Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»` կինոարվեստին ծառայելու եւ բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակներ է ստացել։

Անձնական կյանքում նա շատ խնդիրներ է ունեցել, ընդ որում` խոսքը ոչ թե հաճախ ամուսնանալու, այլ ալկոհոլ եւ քնաբեր դեղամիջոցներ օգտագործելու սովորության մասին է։ Ամուսնանալու մասին նա կատակով ասել է. - «Գիտեք, ես շատ խիստ դաստիարակություն եմ ստացել, ես չեմ կարող պարզապես կապվել տղամարդու հետ, ես անպայման պետք է ամուսնանամ»։

Ամուսնալուծվելու մասին տխրությամբ է արտահայտվել` ասելով, թե «տղամարդուց բաժանվելը հարբուխ չէ, որ հեշտ անցնի, ամեն անգամ փոքր մահ ես ապրում»։

Ալկոհոլի եւ քնաբերի մասին նա բավական անկեղծ է խոսել, ափսոսանք հայտնելով, որ ցավ է պատճառել մտերիմներին, նախ եւ առաջ` երեխաներին։

«Ես միշտ կարող էի շատ խմել եւ չհարբել, բայց երբեմն պատահել է, որ ալկոհոլից հետո հաբեր եմ ընդունել եւ տանը հատակին պառկած` անջատվել եմ, երեխաներս են ինձ մինչեւ մահճակալ հասցրել։ Արթնանալով` ես ահավոր ամոթ եմ զգացել», - խոստովանել է Թեյլորը։

1982 թվականին նշելով ծննդյան 50-ամյակը` Էլիզաբեթ Թեյլորն ասել է. - «Չեմ կարող արդարացնել իմ կյանքում կատարածս բոլոր արարքները, այն, ինչ արել եմ, անում եմ, բայց Աստված վկա` ես եմ, ես այդպիսին եմ, ես` ես եմ»։

Այսօր կինոաշխարհը, անվանի աստղերը, երկրպագուները հրաժեշտ են տալիս առասպելական գեղեցկուհուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG