Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ի խոսնակը «մարտավարական հնարք» է որակում ՀԱԿ-ի համակարգողի հայտարարությունները


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «մարտավարական» հնարք որակեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի` նախօրեին արած հայտարարությունները:

Կոնգրեսի համակարգողը հայտարարել էր, որ ընդդիմադիր Կոնգրեսը նպատակադրվել է հզորացնել ժողովրդի ճնշումը այն աստիճանի, որ կարողանան պարտադրել նախագահի հրաժարականն ու անցկացնել արտահերթ ընտրությունները:

«Հայաստանում արտահերթ ընտրությունների համար որեւէ նախապայման չկա, իսկ սա պարզապես ՀԱԿ-ի մեր գործընկերների մարտավարական հնարքն է, որպեսզի տաք պահեն ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասը, որպեսզի մեկ տարի հետո ունենան որոշակի ձայներ պառլամենտական ընտրությունների ժամանակ», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Իմ համոզմունքը նա է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, ավելին` ՀԱԿ-ը 2008 թվականից առ այսօր խոսում է, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ, բայց մենք տեսնում ենք, որ արտահերթ ընտրություններ չեն լինում»:

«Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ժողովրդի տրամադրությունը շատ հստակ է` երկրում Սերժ Սարգսյանը չունի աջակցություն, եւ ժողովուրդը ցանկանում է, որ նա հեռանա», - այս հարցադրմանը Հանրապետականի խոսնակը հակադարձեց. - «Բացի երկրի նախագահից եւ Ամենայն Հայոց կաթողիկոսից` որեւէ մեկը իրավասու չէ եւ չի կարող խոսել հայ ժողովրդի անունից, սա` մեկ: Երկրորդը` մենք այդ կարծիքին չենք, իսկ ժողովուրդը իր քվեարկությամբ 2012-ին բոլոր հարցերի պատասխանը կտա: Շատ չմնաց սպասեն` մեկ տարի էլ թող սպասեն, եւ 2012-ին ժողովուրդը բոլոր հարցերի պատասխանը կտա»:

Իսկ այն պնդումներին, թե արդեն միավորված են այն ուժերը, որոնք ընդունում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա, Հանրապետականի խոսնակը այսպես հակադարձեց. - «Չկա Սերժ Սարգսյանի ռեժիմ, ընդհանրապես` ռեժիմ Հայաստանում չկա, կա իշխանություն, որը ձեւավորվել է համընդհանուր ընտրությունների միջոցով, որին դրական գնահատական են տվել բոլոր եվրոպացի դիտորդները, սա` ի գիտություն: Եվ եւս մեկ անգամ ասում եմ, որ իմ համոզմունքով` Հանրապետականը, ինչպես նաեւ կոալիցիան, կունենան ամենալուրջ վստահությունը մեր համաքաղաքացիների»:

Համոզմունք հայտնելով, որ ընդդիմադիր բոլոր ուժերն են այսօր տարբեր հնարքներով պատրաստվում հաջորդ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովը նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը որակեց քարոզչական:

«Այստեղ կան քարոզչական էլեմենտներ: Նպատակը` ուշադրություն հրավիրել եւ լինել քաղաքական պրոցեսների կիզակետում: Ինչքան մոտենանք դեպի ընտրություններ, այդքան PR-տեխնոլոգիաներ իրենց մեջ պարունակող գործողություններ կլինեն, եւ սրանից պետք չէ զարմանալ` քաղաքական պրոցեսներ են, քաղաքական պրոցեսների բաղկացուցիչ մասը», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG