Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը չորեքշաբթի արգելել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) ապրիլի 8-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնել:

ՀԱԿ-ը քաղաքապետարանին դիմել էր մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցների անունից` վկայակոչելով, որ այդ օրը Ազատության հրապարակ մտած ժողովուրդն է այդ որոշումը կայացրել:

Քաղաքապետարանը ՀԱԿ-ին առաջարկեց հանրահավաքը Մատենադարանի հարակից տարածքում անցկացնել, կենտրոնական փողոցներով երթը թույլատրվեց: Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանի հիմնավորումը նույնն էր` այդ ժամին այլ միջոցառում է նախատեսված Ազատության հրապարակում, այսինքն, դեռեւս մարտի 2-ին ներկայացված է իրազեկում մարտի 15-ից ապրիլի 15-ը մշակութային ու սպորտային միջոցառումներ անցկացնելու մասին:

Քաղաքապետարանում հրավիրված քննարկմանը ներկա Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ մերժումն ապօրինի է, քանի որ օրենքը սահմանում է միջոցառման մասին իրազեկել 20 օր առաջ, իսկ տվյալ դեպքում քաղաքապետարանը վկայակոչում է ոչ թե 20, այլ 36 օր առաջ ներկայացված իրազեկումը: Գագիկ Բաղդասարյանն էլ պնդում էր, որ 20-օրյա ռեժիմի մեջ կարող է տեղավորվել միջոցառման սկիզբը, իսկ վերջը կարող է մոտավոր ժամկետներով ֆիքսվել: Թեժ քննարկումը տեւեց 20 րոպե, որից հետո Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը «քաղաքական պատվեր է կատարում»:

Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «որեւէ ուղղության հարող կազմակերպության» առայսօր չի թույլատրվել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, եթե այնտեղ «ուրիշ միջոցառում է նախատեսված» :

Վահագն Խաչատրյանը չբացառեց հնարավորությունը, որ ապրիլի 8-ին ընդդիմությունը կրկին մտնի Ազատության հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG