Մատչելիության հղումներ

Հայաստանը չի հրաժարվելու նոր ատոմակայանի կառուցման ծրագրից


Վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվելու նոր ատոմակայանի կառուցման ծրագրից:

«Հասկանալի է, որ նոր սերնդի ատոմակայանները ունեն հուսալիության ավելի բարձր աստիճան, քան այն ատոմակայաններն էին, որոնք գործում էին Ճապոնիայում: Այդ տեսակետից մեր ռիսկերը հասցված են մինիմումի, եւ այդտեղ վտանգներ չկան, եւ, բնականաբար, դա նշանակում է, որ մենք մեր ծրագրերը նոր բլոկի կառուցման հետ կապված, շարունակելու ենք», - Ազգային ժողովում այսօր հայտարարել է Սարգսյանը` հավաստիացնելով. - «Մենք ավելի շատ ուշադրություն կդարձնենք ենթակառուցվածքների անվտանգ աշխատանքին»:

Մեծամորի ատոմակայանում կառուցվելիք էներգաբլոկը, հիշեցնենք, երկուեւկես անգամ ավելի հզոր է լինելու, քան գործողը:

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացում վարչապետը պատասխանեց նաեւ հարցին, թե ինչպես կարող է միջազգային հանրությունն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին:

«Միջազգային հանրության ազդակը բանակցող կողմերին պետք է լինի հետեւյալը` խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ եթե կողմերից որեւիցե մեկը փորձի ուժի միջոցով հարցը լուծել, միջազգային ուժերի արձագանքը լինելու է շատ հստակ եւ միանգամից: Եվ այսօր, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի գործառույթ միջազգային հանրությունը օպերատիվ ձեւով կարողանում է կազմակերպել եւ իրականացնել: Եվ կարծում եմ, որ ղարաբաղյան գործընթացում այդպիսի միջազգային կոմյունիկեի ընդունումը կարող է նպաստել բանակցային գործընթացին», - ասաց վերջերս եվրոպական շրջագայությունից վերադարձած Տիգրան Սարգսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG