Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր կատարի Լիբիայի հարցում


Լիբիա - Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին պատկանող տանկը այրվում է կոալիցիոն ուժերի ռմբակոծությունից հետո, 20-ը մարտի, 2011թ.

Լիբիա - Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին պատկանող տանկը այրվում է կոալիցիոն ուժերի ռմբակոծությունից հետո, 20-ը մարտի, 2011թ.

Քադաֆին իսլամական աշխարհի օգնությունն է հայցում

Արեւմտյան երկրների զինված ուժերը շարունակում են «Լուսաբացի ոդիսականը» ռազմական գործողությունը, իսկ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իր աջակիցներին կոչ է անում շարունակել պայքարը։



«Սա նոր խաչակրած արշավանք է, կեցցե' իսլամը, իսլամական բոլոր բանակնե'ր, մասնակցե'ք այս ճակատամարին։ Ամենուր` Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Եվրոպայում հանրահավաքներ են, այնտեղ ժողովուրդները դեմ են այս պատերազմը սանձազերծած ղեկավարներին»,- այսպիսի ուղերձով է երեքշաբթի երեկոյան Լիբիայի պետական հեռուստատեսությամբ հանդես եկել գնդապետը։

Օդային օպերացիան չորս օր առաջ նախաձեռնել են ֆրանսիացիներն, ապա նրանց միացել են բրիտանացիներն ու ամերիկացիները։

Օպերացիան սկզբնական փուլում համակարգել են ամերիկացի հրամանատարները։ Այս միջազգային համայնքը փորձում է հասկանալ, թե ո՞վ է վերջապես ի պաշտոնե հանդես գալիս առաջատարը Լիբիայի հարցում` Միացյալ Նահանգնե՞րը, թե՞ բրիտանա-ֆրանսիական դաշինքը։

Առաջին իսկ հրապարակային ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ Ամերիկան մտադիր է միայն աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւի իրականացմանը, որի կենտրոնական դրույթը թռիչքազերծ գոտի եւ զենքի ու զինամթերի էմբարգո սահմանելն է, սակայն չի ձգտում առաջատարի դերակատարության եւ որեւէ պարագայում մտադիր չէ մասնակցել հնարավոր ցամաքային գործողություններին։ Երեքշաբթի օրը նա եւս մեկ անգամ խոսել է այդ մասին։

«Մենք շարունակելու ենք Լիբիայի ժողովրդի պաշտպանությանն ուղղած մեր ջանքերը, սակայն չենք լինելու առաջատարի դիրքում, մեր քննարկումներում այս անցումային փուլն ի սկզբանե այդպես էր ծրագրված», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզն ու Լոնդոնը այսօրվա դրությամբ ունեն միացյալ մոտեցում առ այն, որ ի վերջո ՆԱՏՕ-ն պետք է ստանձնի այդ առաքելությունը։

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին է փոխանցում լիբիական արշավի հրամանատարությունը

«ՆԱՏՕ-ն որոշել է սկսել Լիբիա զենքի մատակարարման էմբարգոն ապահովելու գործողությունը։ Բոլոր դաշնակիցները համաձայնել են կատարել ՄԱԿ-ի բանաձեւից բխող իրենց պարտավորությունները եւ այդպես վերջ տալ Լիբիայի խաղաղ բնակիչների նկատմամբ գործադրվող բռնություններին», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Լուսաբացի ոդիսականի» քննադատությունն ահագնանում է


ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեմ է դաշինքի առաջատար դերակատարությանը։ Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ ՄԱԿ-ը Լիբիայում պետք է սոսկ մարդասիրական գործողություն կատարի։


«Մենք ամեն ինչ անում ենք Լիբիայում նոր զոհեր թույլ չտալու համար։ Մենք փորձել ենք ամեն կերպ կանխել քաոսն ու եղբայրասպան պատերազմը։ Մենք ուզում ենք, որ Լիբիան ինքնուրույն` առանց դրսի ուժերի միջամտության, լուծի իր ներքին խնդիրները։ Լիբիայում փոփոխությունները պետք է լիբիացիներն իրականացնեն», - ասել է Էրդողանը։

Միջազգային համայնքը հետզհետե ավելի ակտիվ է քննադատում արեւմտյան երկրների ռազմական արշավը։ Չինաստանը, Բրազիլիան եւ Ռուսաստանը հրադադարի կոչ են անում։ Այդ երեք երկրները, ինչպես նաեւ Հնդկաստանն ու Գերմանիան ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդում ձեռմնպահ են մնացել թիվ 1973 բանաձեւի քվեարկության ժամանակ։

Երեկ Մոսկվայում հանդիպելով իր ամերիկացի պաշտոնակից Ռոբերտ Գեյթսին` Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն ասել է, որ Լիբիայում պետք է անհապաղ դադարեցնել

ռազմական բոլոր գործողություններն ու անցնել քաղաքական բանակցությունների։

«Վերջին իրադարձությունները վկայում են, որ Լիբիայում արդեն իսկական մարտական գործողություններ են մեկնարկել, տուժել են քաղաքացիական օբյեկտները, սպանվել են խաղաղ մարդիկ։ Դա չէր կարելի թույլ տալ, եւ մենք մեր այդ դիրքորոշումը պարզորոշ հայտնել ենք մեր ամերիկացի գործընկերներին», - ասել է Սերդյուկովը։

Ի պատասխան` Գեյթսը «աղաղակող սուտ» է անվանել խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին գնդապետ Քադաֆիի պնդումները։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ կոալիցիայի գործողությունները լիովին համապատասխանում են Լիբիայում թռիչքազերծ գոտի սահմանելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին։

Քադաֆիի ուժերը հարվածներ են հասցնում ընդդիմությանը

Արեւմտյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` գնդապետ Քադաֆիի ուժերը սաստկացրել են գրոհները թռիչքազերծ գոտու քաղաքների, այդ թվում Միջերկրականի ափին գտնվող Միսրատայի վրա։

Լիբիայի մեծությամբ երրորդ այդ քաղաքում, որը համարվում է ապստամբ ուժերի վերջին հզոր հենակետը, բնակիչները հայտնվել են չափազանց ծանր վիճակում։ Քադաֆիի հրասայլերն ու դիպուկահարները հրետակոծում եւ գնդակոծում են Միսրատան։ Անցած 24 ժամում զոհվել է առնվազն 40 խաղաղ բնակիչ, այդ թվում` հրետանային հարվածի ենթարկված մեքենայում գտնվող 4 երեխա։

Ամերիկացի ծովակալ Սեմուել Լոքլիրը, որի հրամանատական կետը Միջերկրական ծովում գտնվող ավիակիր նավի վրա է, հեռախոսով ասել է, որ հետախուզական տվյալներն հաստատում են Միսրատայում խաղաղ բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների մասին հաղորդագրությունների իսկությունը։ Ծովակալի խոսքերով, կոալիցիան այդ առումով պատասխան գործողություն է մշակում։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քադաֆիի ստորաբաժանումները մարտի 23-ից վերսկսել են մայրաքաղաք Տրիպոլիից 90 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Զինտան ավանի հրետակոծությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG