Մատչելիության հղումներ

Նիդերլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Ամստերդամի «Այաքս»-ի հարձակվող, հայկական ծագում ունեցող Արաս Օզբիլիզին հրավիրել է Հայաստանի հավաքական, սակայն վերջինս հույս ունի խաղալ Հոլանդիայի հավաքականում։

Նիդերլանդական ռադիոն մարտի 22-ին հաղորդել է, որ «Այաքս»-ի 21-ամյա խոստումնալից հարձակվող Արաս Օզբիլիզը Վարդան Մինասյանին ասել է, թե հավակնություն ունի խաղալու Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում, իսկ դա նշանակում է, որ նա մերժում է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը առնվազն տեսանելի ապագայում»։

Արաս Օզբիլիզը հոլանդական Algemeen Dagblad թերթին ասել է. - «Եթե ես կարողանամ աճել, իսկ դրա հնարավորությունը կա, ապա ես կընտրեմ նարնջագույնների թիմը»։

Նիդերլանդական լրատվամիջոցները, հաղորդելով նրա մասին, նշում են, որ «Օզբիլիզը հայկական ծագում ունի, ծնվել է Թուրքիայի այն շրջանում, որը Հայաստանի մաս է կազմել»։

«Այդ պատճառով ես թուրքական անձնագիր չունեմ», - ասել է «Այաքս»-ի հարձակվողը։ Նա պատմել է, որ ծնողները Հոլանդիա են տեղափոխվել, երբ ինքը ընդամենը մեկ տարեկան էր։

Օզբիլիզը համարվում է «Այաքս»-ի տաղանդներից մեկը։ Պահեստայինների նստարանից սկսել է ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ, հատկապես մրցաշարի կեսից, երբ ուրուգվայցի Լուիս Սուարեշը տեղափոխվեց «Լիվերպուլ»։

ՖԻՖԱ-ի կանոններով, որեւէ երկրի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստը իրավունք չունի խաղալ մեկ այլ երկրի հավաքականում։ Հետեւաբար` Արաս Օզբիլիզը կկորցնի Հոլանդիայի հավաքականում խաղալու հնարավորությունը, եթե հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում։

2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հոլանդիայի հավաքականը հասավ մինչեւ եզրափակիչ եւ միայն չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ խաղում պարտվեց Իսպանիայի հավաքականին, իսկ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 64-րդ տեղում է, նշում են հոլանդական լրատվամիջոցները։

Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչում «Այաքս»-ը ջախջախիչ պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակ»-ից։ Սեփական հարկի տակ «Այաքս»-ը պարտվեց 0։1 մեկ հաշվով, իսկ Մոսկվայում` 0։3 խոշոր հաշվով։

Երկու հանդիպումներում էլ Օզբիլիզը փոխարինման դուրս եկավ ու խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG