Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՊՆ. «Հակառակորդի որեւէ սադրանք անպատիժ չի մնում»


«Հակառակորդի որեւէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ», - այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Պատասխանելով վերջին շրջանում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից հայ զինվորների զոհվելու դեպքերի մասին News.am լրատվական կայքի հարցին, թե «տպավորություն կա, որ հայկական կողմը բավարարվում է միայն հայտարարություններով ու միջազգային կառույցներին ուղղված կոչերով», եւ ռազմական առումով արդյոք հայկական կողմը չի՞ կիրառում «հակառակորդին պատժելու գործողություններ», Կարապետյանը վստահեցրել է. - «Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծած սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռեւս դրանից դասեր չեն քաղում»:

Պաշտպանության նախարարության խոսնակը, միաժամանակ, հաստատել է, որ «իրոք, հակառակորդը ակտիվացրել է դիպուկահար գործողությունները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը»:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը հրթիռակոծման ենթարկելու` Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքին վերաբերող հարցին Դավիթ Կարապետյանը արձագանքել է. - «Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ եւ ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունը այդ երկրում համակել է նաեւ քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի` քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG