Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նպատակադրվել է հզորացնել ժողովրդի ճնշումը այն աստիճանի, որ կարողանան պարտադրել նախագահի հրաժարականն ու անցկացնել արտահերթ ընտրությունները:

«Ժողովրդի տրամադրությունը շատ հստակ է` երկրում Սերժ Սարգսյանը չունի աջակցություն: Ժողովուրդը ցանկանում է, որ նա հեռանա, բայց նրան դա պարտադրելու համար պետք է, որ ժողովուրդը դուրս գա փողոց: Ես վստահ եմ, որ 200 հազար մարդ եթե դուրս գա փողոց, ռեժիմը ուղղակի փախչելու է», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օր ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ Կոնգրեսը կողմնակից է երկրում լեգիտիմ իշխանության հաստատման սահուն գործընթացի:

Հարցին, թե հնարավոր է արդյոք իշխանափոխություն իրականացնել, եթե Ազատության հրապարակը «ազատագրելուց» հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տուն է ուղարկում, Զուրաբյանը պատասխանեց, որ Կոնգրեսը տվյալ պահին «ադեկվատ որոշում» է ընդունում:

Հարցին էլ թե արդյոք ժողովուրդը հիասթափություն ապրեց, երբ իրենց տուն ուղարկեցին, Զուրաբյանը արձագանքեց, թե հավաքվածների 10-15 տոկոսն էր տրամադրված մնալ Ազատության հրապարակում. - «Կա մի 10-15 տոկոս ժողովուրդ, որը պահանջում է միայն արմատական քայլեր` մնալ, ջարդել եւ այլն, եւ նրանց թիվը աճում է, բայց կա նաեւ շատ չափավոր ժողովուրդ, որը, օրինակ, նույն ռադիկալ քայլերից վախենում է: Նրանք կողմնակից են խաղաղ, դեմոկրատական ընթացքի: Այսինքն` շարժումը այնքան է մեծացել, որ արդեն մենք շատ լուրջ խնդիրներ ունենք այնպիսի ստրատեգիա մշակելու, որ բավարարի ե'ւ չափավոր, ե'ւ ռադիկալ թեւին»:

Ի պատասխան հարցին, թե ինչու վերջին հանրահավաքներում Կոնգրեսի առաջնորդը իր ելույթներում չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Զուրաբյանը ասաց, թե վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը տվել է այդ հարցի պատասխանը. - «Ասաց, որ նախագահական արտահերթ ընտրությունների մասին մեր պահանջը ավտոմատ նշանակում է Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Զուրաբյանի համոզմամբ` հայաստանյան ընդդիմությունը արդեն միավորված է. - «Ես կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա, եւ պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները, արդեն միավորված են: Իսկ մենք հասել ենք մեծ արդյունքի. մեկ տարի առաջ միայն Հայ ազգային կոնգրեսն էր այս դիրքորոշման: Հիմա արդեն դրա մասին խոսում է [Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան] Կարապետիչը, դրա մասին խոսում է «Ժառանգություն»-ը, դրա մասին խոսում են այլ ուժեր: Սա, ես կարծում եմ, շատ լուրջ արդյունք է, եւ ես համարում եմ, որ ընդդիմությունը արդեն միավորված է: Միավորված է մի նպատակի շուրջ` Սերժ Սարգսյանի ռեժիմի` այս բռնապետական, քրեաօլիգարխիկ ռեժիմի հեռացման շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG