Մատչելիության հղումներ

Պուտինի պնդմամբ` Լիբիայի վերաբերյալ իր եւ Մեդվեդեւի գնահատականները շատ մոտ են


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը Սոչիի Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, 18-ը փետրվարի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը Սոչիի Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, 18-ը փետրվարի, 2011թ.

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գնահատականները Լիբիայի իրավիճակի առնչությամբ շատ մոտ են, եւ ընդգծել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը:

«Ինչ վերաբերում է Լիբիայի իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան ղեկավարության հայացքների միասնականությանը կամ անմիասնականությանը` մեզ մոտ Ռուսաստանյան Դաշնության նախագահն է ղեկավարում արտաքին քաղաքականությանը, եւ այդտեղ չի կարող լինել երկատվածություն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Լյուբլյանայում ի պատասխան լրագրողների հարցերի ասել է Պուտինը եւ հավելել. - «Եթե ձեզ հետաքրքրում է` տարբերվո՞ւմ են արդյոք իմ եւ պարոն Մեդվեդեւի դիրքորոշումները, վստահեցնում եմ ձեզ` մենք մոտ մարդիկ ենք եւ հասկանում ենք միմյանց»:

Ռուսաստանի վարչապետը շեշտել է, որ նախագահը պետք է ձեւակերպի երկրի դիրքորոշումը համապատասխան արտահայտություններով:

«Ինչ վերաբերում է հիմնախնդրի էությանը, ապա մենք պետք է մտածենք ոչ այդ մասին, մենք բոլորս պետք է մտածենք զոհերի մասին, որոնց թիվը բազմապատկվում է քաղաքացիական պատերազմի արդյունքում, տարածքին հրթիռներով հարվածներ հասցնելու արդյունքում` մենք բոլորս պետք է մտածենք այդ մասին առաջին հերթին», - հայտարարել է Պուտինը` ամփոփելով. - «Անշուշտ, այդ մասին առաջին հերթին պետք է մտածեն նրանք, ովքեր առնչակից են այդ ողբերգությանը` մտածեն այդ մասին եւ աղոթեն իրենց հոգու փրկության համար»:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի վարչապետը Լիբիայում ծավալված գործողությունները համեմատել էր խաչակրաց արշավանքի հետ եւ Լիբիայի համար վնասակար էր համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որին Ռուսաստանը ձեռնպահ է քվեարկել:

Այդ հայտարարությունից ժամեր անց նախագահ Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարել էր. - «Ոչ մի դեպքում ընդունելի չէ այնպիսի արտահայտությունների օգտագործումը, որոնք փաստորեն հանգեցնում են քաղաքակրթությունների բախման, ասենք` խաչակրաց արշավանք եւ այլն, դա անընդունելի է: Հակառակ դեպքում` ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, քան նույնիսկ հիմա է, եւ այդ մասին պետք է հիշեն բոլորը»:

Մեդվեդեւը նաեւ ընդգծել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ իրենք բանաձեւի դրույթներին ընդհանուր առմամբ համաձայն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG