Մատչելիության հղումներ

ՀԲ-ն Հայաստանի 55 չքավոր լեռնային գյուղերի համար 16 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել


Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 16 միլիոն դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու եւ տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով:

«Գյուղատնտեսությունը շարունակում է կարեւոր ոլորտ լինել Հայաստանի տնտեսության համար եւ, չնայած վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներին, այն պետք է վերստին աշխուժացնի իր դերն ու նպաստի երկրի տնտեսական աճին եւ զբաղվածությանը», - ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: «Ծրագրի աշխատանքները կենտրոնացած են երկրի առավել չքավոր լեռնային շրջաններում, որտեղ արոտավայրերի դեգրադացիան առավել սուր խնդիր է: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի 55 գյուղեր` շուրջ 78 հազար ընդհանուր բնակչությամբ», - հավելել է նա:

Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին կարեւորել է երկարաժամկետ բնապահպանական օգուտները` մասնավորապես, ասելով. - «Ակնկալվում է, որ արոտավայրերի կառավարման պլանները կներառեն թիրախային արոտավայրերի դեգրադացիայի խնդիրները, վերջ կդնեն արտադրողականության կորուստներին եւ կամրապնդեն կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի ալպիական գոտում»:

ՀԳՌԿՄ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն դոլար է, որից 5.33 միլիոն դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1,449 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG