Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին նախագահի դեմ քննություն է սկսվել լրագրողի սպանության գործով


Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմա, արխիվային լուսանկար
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմա, արխիվային լուսանկար

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ` կապված ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության հետ, որը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։


Լեոնիդ Կուչման մարտի 23-ին դատախազությունում հարցաքննվել է ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով։

Հարցաքննությունից առաջ Կուչման լրագրողներին ասել է , թե իրեն «հանգիստ է զգում, քանի որ չի զգում իր մեղքը» ։
«Ես ուղիղ հինգ տարի առաջ արդեն ասել եմ, որ այս (սպանությունը) ահավոր սադրանք էր Ուկրաինայաի դեմ, Ուկրաինայի նախագահի դեմ։ Իմ դիրքորոշումը մնում է նույնը»։

Կուչման ասել է, թե «բարոյապես պատրաստ է անցնելու դժոխքի բոլոր չարչարանքներով, ապացուցելու համար որ անմեղ է»։

Հարցաքննությունից հետո Լեոնիդ Կուչման հեռացել է դատախազության ծառայողական մուտքից։ Շենքի մոտ հերթապահող լրագրողները արձանագրել են, որ նախկին նախագահը դատախազությունում մնացել է մոտավորապես երեք ժամ։

Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնապես հայտարարվեց մեկ օր առաջ, մարտի 22-ին։ Մամուլի ասուլիսում գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է. «Ես հաստատում եմ, որ քրեական հետաքննություն է սկսվել Լեոնիդ Կուչմայի դեմ, ով մեղադրվում է իշխանությունը չարաշահելու եւ ներքին գործերի նախարարության պաշտոնյաներին անօրինական հրահանգներ տալու համար, ինչը հանգեցրել է լրագրողի սպանությանը»:

Գլխավոր դատախազի առաջին տեղակալն ասել է, որ Լեոնիդ Կուչմային արգելվել է լքել երկիրը` նրանից ստորագրություն է վերցվել Ուկրաինայից չբացակայելու մասին:

«Ուկրաինսկա պրավդա» ինտերնետային պարբերականի լրագրող Գեորգի Գոնգաձեն իր հրապարակումներում խստորեն քննադատում էր Լեոնիդ Կուչմային: 2000 թվականին նա անհետացավ Կիեւից: Ամիսներ անց լրագրողի գլխատված մարմինը հայտնաբերվեց Կիեւին մերձակա անտառում:

Կուչման, ով այժմ 72 տարեկան է, 1994-2004 թվականներին Ուկրաինայի նախագահն էր, միշտ հերքել է իր առնչությունը լրագրողի սպանությանը, չնայած մի ձայնագրություն կա, որտեղ նրա ձայնի նման խոսող մարդը պաշտոնյաներին կարգադրում է «գործ տեսնել» լրագրողի հետ։

Դատախազի առաջին տեղակալն ասել է, որ այդ ժապավենը, որի իսկությունը նախկինում երբեք չէր հաստատվում, հիմա գործի նյութերում ընդունվել է որպես իրեղեն ապացույց։

Գեորգի Գոնգաձեի ընտանիքը, կինն ու երկու երեխաները բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք քաղաքական ապաստան են ստացել Միացյալ Նահանգներում։
Վաշինգտոնում , մարտի 22-ին, Միրոսլավա Գոնգաձեն ասել է թե ողջունում է նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական հետաքննություն սկսելը։

«Իմ կարծիքով այս քայլը ցույց է տալիս, որ գլխավոր դատախազությունը բավականաչափ ապացույցներ ունի Գեորգիի սպանությանը Կուչմայի առնչության վերաբերյալ։ Ես հույս ունեմ, որ դատախազությունը պրոֆեսիոնալիզմ եւ կամք կցուցաբերի հետաքննությունը ավարտելու համար»,- ասել է Միրոսլավա Գոնգաձեն։

Միրոսլավա Գոնգաձեի շահերը ներկայացնող փաստաբան Վալենտինա Տելիչենկոն կասկած է հայտնել, որ նոր հանգամանքներ կբացահայտվեն։
Նա ասել է, որ Կուչմայի դեմ գործ պետք է հարուցվեր երկու տարի առաջ, երբ ձերբակալվել էր ոստիկանության նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչը եւ, ըստ իշխանությունների, խոստովանել էր, որ ինքն է խեղդամահ արել, ապա գլխատել Գեորգի Գոնգաձեին։
«Ես առանձնապես դրական ակնկալիքներ չունեմ Կուչմայի դեմ հարուցված քրեական գործից։ Այն պետք է բացվեր Պուկաչի ձերբակալությունից անմիջապես հետո, երբ նա տվել էր Կուչմայի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների անունները։ Շատ ժամանակ է կորցվել», - ընդգծել է փաստաբանը:

Պուկաչի դատավարությունը դեռ չի կայացել։ Ոստիկանության նախկին երեք աշխատակիցներ դատապարտվել են Գոնգաձեի սպանությանը առնչություն ունենալու մեղադրանքով։

Իսկ անցյալ տարի դատախազությունը հայտարարեց, որ լրագրողի սպանության պատվիրատուն եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Կրավչենկոն։

2005 թվականին Կրավչենկոյի մարմինը հայտնաբերվել էր նրա ամառանոցում։ Պաշտոնական վարկածով` նա ինքնասպան էր եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG