Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը քրիստոնեաբար է մոտենում Տեր-Պետրոսյանի խոսքերին


Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում, Երեւան, 22-ը մարտի, 2011թ.

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում, Երեւան, 22-ը մարտի, 2011թ.

Արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի օրը Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քրիստոնեաբար է մոտենում իր մասին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին:

Տեր-Պետրոսյանը, «Հայկական ժամանակ» թերթին ներկայացնելով, թե ինչու մարտի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ չի մոտեցել ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասել է. - «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց Եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. - «Սատանան կործանում է թե' ծոմապահին, թե' նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից»:

«Ինչեւէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան», - «Հայկական ժամանակ»-ին ասել է Հայաստանի առաջին նախագահը:

Արձագանքելով առաջին նախագահի կողմից իր հասցեին հնչեցված սուր քննադատությանը` Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ նրանք, ովքեր ուզում են իր ներկայությունը Ազատության հրապարակում վերափոխել կրոնական արարքի, չեն ծանոթացել մարտի 15-ի իր ելույթին: Բոլոր դեպքերում, նա ասաց, թե քրիստոնեաբար է մոտենում Տեր-Պետրոսյանի խոսքերին:

«Ես կարող եմ ասել, որ ես բոլորին` եւ առաջին նախագահին, մաղթում եմ` անկեղծաբար եւ սիրով, Աստծո օրհնություն, երկարատեւ կյանք», - ասաց «Ժառանգության» ղեկավարը` հավելելով. - «Եթե որեւէ մարդ կա, որ ինձ ցանկանում է սատանայի կործանում, դա նաեւ յուրաքանչյուր մարդու իրավունքն է»:

«Եվ ընդհանրապես, քանի խոսում ենք օրհնանքների, ստերի, կեղծիքների եւ քրիստոնեական վարքի մասին, կարող եմ նաեւ առաջարկել, որ բոլորս նաեւ ընթերցենք եւ հղում կատարենք նույն սուրբ Հովհաննես Մանդակունու այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու եւ վրեժ լուծելու մասին», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե այսուհետ «Ժառանգություն-ը տեսնում է արդյոք Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության եզրեր, Հովհաննիսյանը պատասխանեց, որ «դեռեւս» տեսնում է:

Թերեւս արձագանքելով Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ քաղաքական պահանջներ չի ներկայացրել` վերջինս այսօր Ազատության հրապարակում անցկացրած ասուլիսում ներկայացրեց մեկ տասնյակից ավելի պահանջներ.- «Իշխանությունը ժողովրդին, Ո’չ կուսակցականությանը, Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր, Ժողովրդին` աշխատանք, SOS` Հայաստանը հայաթափվում է, Ո’չ անարդարությանը, աղքատությանը եւ արտագաղթին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ անսա խնդրանքներին եւ դադարեցնի հացադուլը, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց, թե ունի իր անելիքը եւ կշարունակի հացադուլը այնքան ժամանակ, որքան «մարմինը ների եւ Աստված կամք տա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է արձագանքում իր հասեին հաճախ հնչող քննադատությանն ու հարցադրումներին, թե որտե՞ղ էր ինքը 2008 թվականի մարտի 1-ին, երբ Ազատության հրապարակում դաժանաբար ծեծում էին ցուցարարներին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ցավոք սրտի, ես մարտի 1-ին գտնվում էին Պետերբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում, դիտարկում էինք ռուսաստանյան ընտրությունները: Երբ իմացա մարտի 1-ի ողբերգության մասին, ես անմիջապես փոխեցի ծրագիրս եւ վերադարձա: Արդեն մարտի 2-ի առավոտյան այցելեցի Արմեն Մարտիրոսյանին, ով գտնվում էր հիվանդանոցում: Նաեւ, իհարկե, հպարտություն արտահայտեցի, որ «Ժառանգության» ներկայացուցիչ պատգամավորները փաստորեն ուրիշների բացակայության, քաոսի պայմաններում եղել են տեղում, հրապարակում եւ ինչ-որ տեղ պատնեշ էին հանդիսացել ոստիկանների եւ մեր քաղաքացիների միջեւ»:

Ի պատասխան հարցին, թե ինչու մարտիմեկյան իրադարձություններից հետո մասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնալության արարողությանը` դրանով իսկ լեգիտիմացնելով իշխանություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ասաց, որ 1995 թվականից ի վեր կեղծված են եղել բոլոր ընտրությունները բոլոր նախագահների օրոք: Անդրադառնալով կոնկրետ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը` նա հիշեց, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը փակ էր եւ ժողովուրդը օտարված էր կեղծիքներով իշխանության եկած նախագահից: Իսկ արարողությանը իր մասնակցությամբ ինքը «ընդամենը իր քաղաքացիական վերաբերմունքն է արտահայտել. - «Ես էլ սեւազգեստ, մարտի 1-ի զոհերի հիշատակի վայրը այցելելուց հետո, մտա, նստեցի իմ տեղը, մասնակցեցի փաստացի նախագահի այդ արարողությանը, եւ այդ արարողության ավարտին առանց որեւէ մեկի հետ շփվելու, հեռացա շենքից»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG