Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը քննադատում է Պուտինի հայտարարությունը


Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին, Սոչի, Կրասնայա Պոլյանա, 18-ը փետրվարի, 2011թ.

Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին, Սոչի, Կրասնայա Պոլյանա, 18-ը փետրվարի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատության է ենթարկել վարչապետ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, ով Լիբիայում ծավալված գործողությունները համեմատել է խաչակրաց արշավանքների հետ:

«Ոչ մի դեպքում ընդունելի չէ այնպիսի արտահայտությունների օգտագործումը, որոնք փաստորեն հանգեցնում են քաղաքակրթությունների բախման, ասենք` խաչակրաց արշավանք եւ այլն, դա անընդունելի է: Հակառակ դեպքում` ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, քան նույնիսկ հիմա է, եւ այդ մասին պետք է հիշեն բոլորը», - ասել է Ռուսաստանի նախագահը վարչապետի հայտարարությունից մի քանի ժամ անց:

Պուտինը Լիբիայում ընթացող ռազմական օպերացիայի մասին խոսել էր երկուշաբթի օրը` Ուդմուրտիայի գործարաններից մեկը այցելության ժամանակ: Ռուսաստանի վարչապետը նաեւ հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը Լիբիայի վերաբերյալ վնասակար է: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս բանաձեւը անկասկած թերի է եւ վնասակար: Եթե նայենք, թե ինչ է գրված, ապա միանգամից պարզ է դառնում, որ այն թույլ է տալիս բոլորին ձեռնարկել իրենց ցանկացած գործողությունները ինքնիշխան պետության նկատմամբ», - ասել էր նա:

Մեդվեդեւը Պուտինի այս բնորոշումներին պատասխանելով ընդգծել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ իրենք բանաձեւի դրույթներին ընդհանուր առմամբ համաձայն են:

«Ես չեմ համարում, որ այս բանաձեւը սխալ է, ավելին` ես կարծում եմ, որ բանաձեւն ընդհանուր առմամբ նաեւ մեր տեսակետն է արտահայտում Լիբիայում տեղի ունեցողի վերաբերյալ», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, թե չի կարելի ասել, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է անում:

Ռուսաստանի նախագահի խոսքով` ինքն է ցուցում տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել բանաձեւի վրա, եւ արտգործնախարարությունը այդ ցուցումը կատարել է:

Մեդվեդեւը հայտարարել է, որ Լիբիայի ղեկավարության պահվածքը անընդունելի էր, եւ Լիբիայի իշխանական զինուժի նկատմամբ այս գործողությունը ժողովրդի դեմ հանցագործության փաստին արձագանքող քայլ է:

Սա վերջին շրջանում արդեն երկրորդ հրապարակային դեպքն է, երբ Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հայտարարարությունները հակադիր բնույթ են կրում:

Ավելի վաղ` գործարար Միխայիլ Խոդորկովսկու գործով դատավարության ընթացքում, Պուտինը հեռուստատեսային ելույթի ժամանակ Խոդորկովսկու մասին հարցին պատասխանելիս մեջբերել էր հայտնի ֆիլմից արտահայտությունը, թե «գողը պետք է նստի բանտում», այնինչ Մեդվեդեւն անթույլատրելի էր համարել նման արտահայտությունները, քանի դեռ դատավարություն է ընթանում եւ դատավճիռ առկա չէ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG