Մատչելիության հղումներ

Եմենցի գեներալը միացել է ընդդիմությանը


Եմեն - Գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարը
Եմեն - Գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարը
Իրավիճակը խիստ սրվել է արաբական եւս մեկ երկրում` Եմենում, որտեղ Ալի Աբդուլա Սալեհը 1978 թվականից է զբաղեցնում նախագահի պաշտոնը։

Անցած տարեվերջին Թունիսում, ապա Եգիպտոսում սկսված ցույցերը գրեթե նույն ժամանակ բռնկվել են նաեւ Եմենում։ Նախագահ Սալեհը այս տարվա փետրվարին խոստացել է, թե այլեւս չի վերընտրվի եւ կհեռանա 2013 թվականին, երբ կսպառվի իր ներկայիս պաշտոնավարման ժամկետը։

Նա հավաստիացրել է, թե կանցկացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, բայց չնայած այդ խոստումներին` նախագահի հրաժարականի եւ անհապաղ բարեփոխումների պահանջով բողոքի զանգվածային ակցիաները շարունակվել են։

Մարտի 18-ին մայրաքաղաք Սանայում տեղի է ունեցել հանրահավաք: Ըստ ականատեսների, շենքերի տանիքներին դիրքավորված դիպուկահարները կրակ են բացել մարդկանց վրա, զոհվել է առնվազն 52 ցուցարար, վիրավորվել է ավելի քան 200-ը։

Սալեհը պնդել է, թե բանակը դրա հետ կապ չունի, եւ սպանդը, իբր, տեղացի բնակիչներն են կազմակերպել։ Անցած կիրակի օրը նա ստորագրել է կառավարությունը պաշտոնանկ անելու եւ երկրում արտակարգ դրություն մտցնելու հրամանագրեր։

Այդ իրադարձություններից հետո Եմենի բանակի երեք բարձրաստիճան հրամանատարներ հայտնել են ընդդիմությանը միանալու մասին։

«Ես իմ ստորաբաժանումների անունից մեր խաղաղ աջակցությունն եմ հայտնում երիտասարդների հեղափոխությանը, Աստծուն խնդրում եմ փրկել Եմենը որեւէ պատուհասից», - ասել է զինված ուժերի առաջին մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարը, ով ընդհուպ մինչեւ վերջերս համարվում էր նախագահի հավատարիմ դաշնակիցը։

Գեներալի հրասայլերը այժմ պաշտպանում են ցուցարարներին եւ շրջապատել են Եմենի կենտրոնական բանկի ու պաշտպանության նախարարության շենքերը։

Ըմբոստ գեներալին են միացել նաեւ բարձրաստիճան սպաներ Մոհամեդ Ալի Մոհսենն ու Համիդ ալ-Քուսայբին, ովքեր ասել են, թե «խաղաղ մարդկանց դեմ բանակի գործադրած բռնության հետեւանքով հայրենիքը հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին»։

Ընդդիմությունը ցնծությամբ է ընդունել երեք սպաների որոշումը։ Մինչդեռ Սալեհին հավատարիմ Հանրապետական գվարդիայի հրասայլերը նախագահի նստավայրն են վերցրել պաշտպանության տակ։

Եմենի պաշտպանության նախարար Մուհամադ Նասեր Ալին Ազգային պաշտպանության խորհրդի նիստից հետո հեռուստատեսությամբ հայտարարել է, որ բանակը թույլ չի տա երկրում հեղաշրջում իրագործել։

Արեւմուտքը խստորեն դատապարտել է Եմենում ցուցարարների սպանդը։ Սպիտակ տունը պահանջել է հարգել բնակչության իրավունքները։ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ասել է, թե այս իրադարձություններից հետո նախագահ Սալեհի հրաժարականն արդեն անխուսափելի է դարձել։

ՄԱԿ-ում եւ մի շարք երկրներում Եմենի դեսպաններն ի նշան բողոքի հրաժարական են ներկայացրել եւ Սալեհին կոչ են արել ազատել պաշտոնը։

Սակայն նախագահ Սալեհը Եմենի պետական լրատվական գործակալությանն ասել է, թե հրաժարականի պահանջը կտրականապես մերժում է։

«Մենք ամուր ենք լեռների պես, մեր ժողովրդի մեծ մասը կայունության, անվտանգության եւ օրենքի գերակայության կողմնակից է», - հայտարարել է Ալի Աբդուլա Սալեհը։

Դիմակայությունը Եմենում շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG