Մատչելիության հղումներ

Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել սոցիալական ապահովության բնագավառում


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի կողմից մինչեւ 2010 թվականի հոկտեմբերն ընկած եռամյա ժամանակահատվածին վերաբերող` ընտրանքային ստուգումներ են իրականացվել սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14-ում, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ խախտումներ:

Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը նշեց, թե այժմ ճշգրտվում են ստուգումներով բացահայտված խախտումների հետեւանքով պատճառված վնասի չափերը` հավաստիացնելով, թե պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափելու:

«Մենք տեսնում ենք նաեւ քրեաիրավական բնույթի խախտումներ: Մինչեւ հունիս ամիս մենք ժամանակ ունենք` հստակ ճշտելու, թե ինչ է կատարվել այս ամբողջ բնագավառում», - հայտարարեց Զաքարյանը` վստահեցնելով. - «Ամփոփենք, հասկանանք իրական չափերը, հետո, ես կարծում եմ, իրական պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափի»:

Որոշակի հետեւություններ, այդուամենայնիվ, արդեն իսկ արվել են: Իշխան Զաքարյանի խոսքով, այդ ստուգումների նախնական արդյունքները բավական մտահոգիչ են, ուստի դրանց մասին «անձամբ զեկուցվել է նախագահ Սերժ Սարգսյանին»:

«Նախագահի հանձնարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին: Նախագահի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որի արդյունքում հանձնարարվել է մինչեւ հունիս ամիս 51 տարածքային կառույցներում իրականացնել լայնածավալ ստուգումներ, որոնց արդյունքում, առաջին հերթին, պետք է մաքրվեն այն ցուցակները եւ վերացվեն այն խախտումները, այն թերությունները, ինչի ընդամենը փոքր մասը ես ներկայացրեցի», - հավելեց Վերահսկիչ պալատի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG