Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Թատրոն X» հանրապետական փառատոնը


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Թատրոն X» փառատոնի տնօրեն Արա Խզմալյանը եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ասուլիսի ժամանակ: 21-ը մարտի, 2011թ.

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Թատրոն X» փառատոնի տնօրեն Արա Խզմալյանը եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ասուլիսի ժամանակ: 21-ը մարտի, 2011թ.

Երկուշաբթի երեկոյան Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տրվեց «Թատրոն X» 4-րդ հանրապետական փառատոնի մեկնարկը:

Ի տարբերություն նախորդ տարիների` 4-րդ փառատոնին մասնակցելու են ավելի քան երեք տասնյակ թատերախմբեր մայրաքաղաքից եւ մարզերից` ներկայացնելով հայաստանյան թատերական ողջ ներկապնակը:

Փառատոնի կազմակերպիչները` Մշակույթի նախարարությունն ու Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեցին, որ «ամենակարեւորն ու հատկանշականը» փառատոնից հետո տեղի ունեցող բաց քննարկումներն են:

Փառատոնը այս տարի անցկացվում է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով:

«Այս տարի «Թատրոն X»-ի արդյունքին մենք ավելի շատ ենք սպասելու, որովհետեւ, կարծում եմ, որ այդ փառատոնի եզրակացությունների հիման վրա մենք կփորձենք ձեւավորել այն պետական աջակցությունը, որը տրվում է թատրոններին», - հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Կարծում եմ, որ որեւէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ ամենակարեւոր խնդիրը այսօր երկխոսության խնդիրն է», - իր խոսքում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Փառատոնի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ թատրոնները մարզերում մնացած միակ մշակութային օջախներն են, եւ շատ կարեւոր է, որ փառատոնի շնորհիվ հենց մարզային թատրոններում տեղի են ունենալու բաց քննարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG