Մատչելիության հղումներ

Արեւմտյան երկրների դաշինքը շարունակում է հարվածներ հասցնել Լիբիայի բանակին։ Հրթիռակոծվել է Մուամար Քադաֆիի նստավայրի շենքերից մեկը։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան եւ այլ պետություններ համատեղ ջանքերով օդային գրոհներ են իրականացնում եւ գործնականում արդեն հաստատել են թռիչքազերծ գոտին Լիբիայում։

Այդպիսով կոալիցիան գնդապետ Մուամար Քադաֆիին զրկել է զինված ապստամբներին օդային հարվածների ենթարկելու հնարավորությունից։

Անցած գիշեր հրթիձակոծության հետեւանքով ավերել է Քադաֆիի նստավայրի շենքերից մեկը, որում, ըստ դաշինքի խոսնակի, տեղակայված էր հրամանատարական կենտրոնը։ Քադաֆիի վարչակազմը անմիջապես դեպքի վայր է հրավիրել Տրիպոլիում գնտվող արեւմտյան լրագրողներին` ապացուցելու, որ իրականում դա սոսկ քաղաքացիական շինություն է եղել։

Բրիտանացի բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել է, որ Քադաֆին որպես լիբիական ուժերի հրամանատար` դաշինքի ուժերի համար այլեւս «օրինական թիրախ է»։

Համալիրը շրջապատել են Քադաֆիի բազմաթիվ աջակիցներ, այդ թվում` կանայք եւ երեխաներ։ Նրանք հավատացնում են, որ պատրաստ են զոհվել իրենց առաջնորդի համար։

«Այն, ինչ պատահել է, այդ հրթիռի պայթյունը մեզ չի վախեցնում, մենք ուժեղ ենք եւ հպարտանում ենք մեր առաջնորդով, մենք մեզնով էլ ենք հպարտ», - ասել է գնդապետի աջակիցներից մեկը:

«Մենք սպասում ենք նրանց [կոալիցիայի դաշինքի զինվորներին], թող գան, գերեզմաններն արդեն փորել ենք, բարի գալուստ դժոխք»,- հայտարարել է Քադաֆիի մեկ այլ աջակից։

Վաշինգտոնը մերժել է Լիբիայի առաջարկած հրադադարը` հայտարարելով, որ լիբիացիներն այս օրերին արդեն մի քանի անգամ պաշտոնապես հավաստիացրել են, թե դադարեցնում են ռազմական գործողությունները, սակայն իրականում շարունակել են հարվածների ենթարկել Բենգազիում եւ այլ ավաններում ապաստանած ապստամբներին։

Լիբիացիները պնդում են, որ խաղաղ ժողովուրդն է դարձել կոալիցիայի թիրախը, սակայն ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված շտաբերի պետ, ծովակալ Մայք Մյուլենն ասել է, որ կոալիցիան ամեն ինչ անում են խաղաղ բնակչության շրջանում կորուստներ թույլ չտալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG