Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կոչ է անում թույլատրել Հովհաննիսյանին վրանի կամ հովանոցի տեղադրումը


Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում, Երեւան, 15-ը մարտի, 2011թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում, Երեւան, 15-ը մարտի, 2011թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկուշաբթի օրը այցելել է Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո տարածած հայտարարությամբ կոչ է արել «թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը»:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ Անրեասյանը նշել է, թե «բոլոր համապատասխան կոնվենցիաների ու իրավական դրույթների համապատասխան», ինքը [Հովհաննիսյանը] ունի «վրանի կամ մեծ հովանոցի իրավունք»:

«ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում», - ասված է նորանշանակ օմբուդսմենի` երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում:

Երկուշաբթի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդը նշել էր, թե այսօր նկատելի է, որ Հայ ազգային կոնգրեսի պահանջների եւ ձեւակերպումների մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Եղել է չափավորում, եղել է մեղմացում, եղել է մեկնում անցյալում ամբողջական պահանջատիրությունից, եւ սա կարելի է միգուցե բացատրել նաեւ ուղղակի թե միջնորդավորված կապերով հաղորդակցությամբ, եւ նաեւ միգուցե մարտավարության փոփոխմամբ` առ այն, որ ժամանակին ասվում էր` արտակարգ ընտրություններ գործող նախագահի հրաժարականից հետո, ուրիշներին դատաքննում էին այդ դրվագով, իսկ հիմա արդեն չկա այդ հրաժարականը», - նշեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող գործիչը:

Արձագանքելով իր հասցեին հնչող քննադատությանը, թե հացադուլ հայտարարելով` իշխանություններին ուղղված կոնկրետ պահանջ չի ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինչպես «Ժառանգություն»-ը, այնպես էլ ինքը ասում են` այսօր անհրաժեշտ է իշխանության ամբողջական եւ արտահերթ փոփոխություն: Նրա խոսքերով` եթե սրանից ավելի քաղաքական պահանջ որեւէ այլ գործիչ կարող է արտահայտել, ինքը ուրախ կլինի լսել նրա տեսակետը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ինչու կոնկրետ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես նման պահանջ չի դնում, մինչդեռ ժամանակին Կոնգրեսը քննադատում էր ընդդիմադիր այն ուժերին, որոնք չէին հայտարարում նախագահի հրաժարականի իրենց պահանջի մասին:

«Ժամանակին մեր ընդդիմադիր գործընկերները իրենց գործընկերներին դատում էին այն բանով, որ իրենք պահանջո՞ւմ են հրաժարական, թե՞ չէ: Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը եւ ես` նաեւ այս համեստ քաղաքացիական ինքնազրկանքի ծոմով, ասում ենք, որ անհրաժեշտ է իշխանության ամբողջական եւ արտահերթ փոփոխություն եւ նորովի ձեւավորում: Իսկ եթե դրա կողքը ուզում եք նաեւ դնել` համեմատելու համար, այլ ուժերի, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի (Հայ ազգային կոնգրեսի) վերջին պահանջները, հատկապես վերջին հանրահավաքի պահանջները, կարող ենք ասել, որ եթե պիտի չափենք ՀԱԿ-ի հին չափանիշով, թե ով չի պահանջում հրաժարական` ընդդիմություն չէ, արդեն դրանից կարելի է բխեցնել, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` միաժամանակ հավելելով. - «Ես տակավին նման կարծիք չունեմ»:

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին` Հովհաննիսյանն ասաց, թե անգամ «ամենամանր խնդիրները որոշվում են Սերժ Սարգսյանի
նստավայրում»:

«Ազատության հրապարակի այդ օրվա [մարտի 17-ի] ապաշրջափակումը նույնպես նախահագահական որոշում էր, եւ դա նաեւ համաձայնեցված էր ՀԱԿ-ի ղեկավարի հետ», - պնդեց նա:

Մարտի 17-ի հանրահավաքի մասին խոսելով` Հովհաննիսյանը ասաց, թե այդ օրը «վճռորոշ» կարող էր լինել հայ ժողովրդի ապագայի, ազատության համար, բայց «շատ հարցեր մնացին անորոշ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը պատրաստ էր ելույթ ունենալ Ազատության հրապարակում, բայց, քանի որ հանրահավաքը հայտարարվել էր որպես ՀԱԿ-ի եւ ոչ թե համազգային հանրահավաք, էթիկան պահանջում էր, որ ինքը սպասեր հրավերի, բայց «նման հրավեր չեղավ»:

Մարտի 17-ի հանրահավաքում, հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն ելույթ ունենալու հնարավորություն չունեցավ, այլեւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չողջունեց իրեն:

«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀԱԿ-ի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը այս կապակցությամբ հակադարձել էր, թե ինչո՞ւ էր «Ժառանգության» առաջնորդը հացադուլի նստել` առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու:

Արձագանքելով այս հայտարարությանը` Հովհաննիսյանը ասաց. - «Ես կարիք չունեմ` որպես քաղաքացի, որեւէ մեկի հետ համաձայնեցնեմ իմ քայլերը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG