Մատչելիության հղումներ

Վարչապետը «լրջագույն անելիքներ» է տեսնում ազատ մրցակցության ոլորտում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի օրը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նշեց, թե «ազատ մրցակցության ոլորտում կան լրջագույն անելիքներ»:

Վարչապետի խոսքով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել «մրցակցության ապահովման ֆունդամենտալ խնդիրը», քանի որ այսօր Հայաստանում կան մի քանի օբյեկտիվ հանգամանքները, որոնք խոչընդոտում են ազատ մրցակցությանը: Դրանք են` հարկային եւ մաքսային վարչարարության, ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքի, կոռուպցիայի մակարդակի, երկրում առկա բացասական երեւույթների նկատմամբ հասարակական վերաբերմունքի, տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի խնդիրները:

Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այդ խնդիրները լուծելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը` առանձնացնելով այս ուղղությամբ Կառավարության թիվ մեկ պրոբլեմը. - «Դեռեւս մեր հարկ վճարողները չեն տալիս դրական գնահատական հարկային եւ մաքսային վարչարարության բնագավառում տիրող իրավիճակին»:

Վարչապետը ընդգծեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահության կարեւորությունը. - «Այդ տեսակետից մենք ակնկալում ենք, որ այս տարի հանձնաժողովը, ստանալով օրենսդիր իշխանության կողմից լրացուցիչ լիազորություններ, անհապաղ պետք է բացահայտի մեր հանրությանը մտահոգող մի շարք ոլորտներում տիրող իրավիճակը եւ համարձակորեն կիրառի պատժամիջոցները»:

«Եթե մենք բացահայտում ենք մրցակցության խաթարման դեպքեր, բայց չենք կիրառում պատժամիջոցներ, կամ այդ դեպքերը մեր պրակտիկայում չեն վերանում, բնականաբար, խաթարվում է վստահությունը ոչ միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նկատմամբ, այլ ընդհանրապես պետական կառույցների եւ Կառավարության նկատմամբ», - հավելեց Տիգրան Սարգսյանը:

Սեմինարի ընդմիջմանը տեղի ունեցած ասուլիսում «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ ինչ դեպքեր են եղել, երբ հայտնաբերվել են մրցակցության ոտնահարման դեպքեր, բայց պատժամիջոցներ չեն կիրառվել, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը արձագանքեց, թե խոսքը անցած տարվա պանրի թանկացման մասին է:

«Ներկայացրեցինք նաեւ այն ընկերությունը, որը պատճառ էր հանդիսացել այդ երեւույթների զարգացման: Դա «Աշտարակ կաթ» ընկերությունն էր, որը ամենախոշոր սուբյեկտն է պանրի շուկայում: Եվ երբ այս ընկերության կողմից տեղի էր ունեցել գների բարձրացում, մնացած 60-70 մանր սուբյեկտները պարզապես հետեւել էին այս ընկերության վարքագծին: Այնտեղ, իհարկե, կար գների ավելի շատ բարձրացում, քան իրականում պետք է տեղի ունենար… Մենք բացահայտեցինք, ներկայացրեցինք, բայց ընկերությանը չկարողացանք պատասխանատվության ենթարկել այն պարզ պատճառով, որ մեր օրենսդրությունը սահմանափակ է եւ հնարավորությունը չտվեց նրան գերիշխող ճանաչել եւ այդ բարձրացումը որակել որպես չարաշահում»:

Շաբոյանը ավելացրեց, թե իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները ընդլայնող օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, թույլ կտա հետագայում խուսափել նման իրավիճակներից:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` վերջին երեք տարիներին մրցակցային իրավիճակը Հայաստանի տնտեսությունում վատթարացել է, ինչը սակայն ունի նաեւ օբյեկտիվ պատճառ, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն առաջին հերթին ազդեց փոքր ու միջին բիզնեսի վրա:

«Մյուս հանգամանքը այն է, թե իշխանությունները ինչ գործողություններ են իրականացրել: Ասեմ` բացի հրապարակում գեղեցիկ խոսքեր հնչեցնելուց, ուրիշ ոչ մի բան չի արվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ պրոբլեմի առաջ` համակարգային փոփոխությունների անհրաժեշտության առաջ , որը, ցավոք, չի իրականացվում», - հավելեց Ասատրյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG