Մատչելիության հղումներ

Հայաստանում է Խորվաթիայի խորհրդարանի նախագահը


Հայաստանում է Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Լուկա Բեբիչի հետ առանձնազրույցում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Խորվաթիայի հետ գործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում:

Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է տեսածով: Նրա խոսքով` հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ ունեն:

Առանձնազրույցին հաջորդել են բանակցությունները ընդլայնված կազմով:

Ինչպես հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանի եւ Լուկա Բեբիչի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ - խորվաթական երկկողմ հարաբերությունների, Եվրամիության հետ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս տարի սպասվում է Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան: Երկու երկրների նախագահները փոխայցելություններ են կատարել 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG