Մատչելիության հղումներ

«Թուրքական ժխտողական քաղաքականությանը հակադարձելը խլում է մեր ներուժի ու գումարների 80 տոկոսը, որը կարող էինք ծախսել արվեստի ու զարգացման վրա», - Լոնդոնում հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի ղեկավար Ռիչարդ Հովհաննիսյանը:

Պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը Լոնդոնում էր` պատմելու Արեւմտյան Հայաստան կատարած իր ճամփորդության մասին, ներկայացնելու այդ թեմայով գրած գրքերն ու խոսելու Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման ու ժխտման թեմայով:

«Թուրքիան մեզ ընտրություն չի թողել: Կամա-ակամա ստիպված ենք պայքարել թուրքական քարոզչության դեմ: Ու որքան էլ ցեղասպանության մասին տեղեկացվածությունն աճում է, ապատեղեկատվությունն էլ նույնքան ավելանում է», - ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը` հավելելով. - «Հայկական դեսպանատները թույլ են ու պասիվ ամեն տեղ: Եթե թուրքական դեսպանատների կայքերը նայեք, անմիջապես կգտնեք ցեղասպանության իրենց մեկնաբանությունը. նրանք ակտիվ քարոզչություն են անում, իսկ հայկական կողմը թերանում է, ինչը, իմ կարծիքով, տխուր է»:

Նրա խոսքով` ցեղասպանության հերքման նորագույն մեթոդը դրա աղավաղումն ու արդարացումն է: Չկարողանալով լիովին հերքել ջարդը` թուրքերը, ինչպես Ռիչարդ Հովհաննիսյանն է ասում, ռացիոնալացնում են ցեղասպանությունը` բացատրություններ տալով եղելության համար. - «Նրանք ընդունում են` այո, ցավոք, 200 հազար հայ է մահացել, բայց պատերազմ էր: Նվազեցնում են զոհերի թիվը, մեջտեղ են բերում պատերազմական իրավիճակը, հայերի կողմից ապստամբությունները ու պնդում են, որ այդ ամենի մեջ միտում չի եղել, քանի որ ցեղասպանությունը պահանջում է միտում: Նաեւ դնում են համեմատության մեջ մյուս զոհերի հետ, ասում են` պատերազմ էր, բոլորը զոհեր ունեցան` թուրքերն էլ, հայերն էլ, արաբներն էլ, բրիտանացիներն էլ, ինչո՞ւ պիտի խոսենք 200 հազար հայերի մասին: Նույնը ասում են հրեական Հոլոքոսթը հերքողները»:

Ամեն դեպքում, ընդգծեց պատմաբանը, այս գործընթացը քայքայիչ է երկու կողմի համար. հայերը չեն ազատվում զոհի հոգեբանությունից, թուրքերը շարունակում են ապրել իրենց ստեղծած միֆի մեջ:

«Ինչպես խորհրդային պատմությունն էր հորինված, այնպես էլ թուրքերինն է: Ու սերունդներ շարունակ նրանք դասավանդում ու սերմանում են այդ: Խորհրդային Միության փլուզումից հետո ժողովուրդը կարողացավ գահընկեց անել հերոսներին, քանդել Ստալինի, Լենինի արձանները, մոռանալ միֆերը: Թուրքերի դեպքում` Աթաթուրքի նկարն ամեն քայլափոխին է, նրան չեն կարող ընդունել, որ Քեմալի թիմը կազմված էր մարդասպաններից, քանի որ Քեմալն այսօր կիսաստված է Թուրքիայում: Իսկ հնարավո՞ր է ազատվել միֆից` առանց այդ աստծուն գահընկեց անելու», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա 1915 թվականը չի համարում հայերի գոյության հիմնաքար, բայց կարեւորում է, որ ամեն հայ իր ինքնությունն ու պատմությունը ճանաչի:

Իր անձնական օրինակի մասին խոսելով` հայագետն ասաց, որ շատ ուշ է բացահայտել ընտանիքի պատմությունն ու հետաքրքրվել դրանով: Հիմնական պատճառը գլոբալացված ամերիկյան միջավայրն էր ու այն, որ ցեղասպանությունից փրկված ծնողները փորձում էին մոռանալ անցյալն ու բոլորովին նոր կյանք սկսել: Սակայն ի տարբերություն իր սերնդի` Սփյուռքի հաջորդ սերունդն ավելի հաստատակամ է իր ազգային ինքնության հարցում: Որպես օրինակ` Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց իր որդուն` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին. - «Հիմա արդեն մեր ընտանիքի երրորդ սերունդն Արեւելյան Հայաստանում է: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր է` Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ է անում: Դուք գիտե՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա Ազատության հրապարակում է, ինչ օգուտ` չգիտեմ, եւ ինչ պիտի լինի` չգիտեմ»:

Ավելին ասել Հայաստանի ներքին ու նաեւ արտաքին քաղաքականության մասին Ռիչարդ Հովհաննիսյանը հրաժարվեց:

Իսկ հայ - թուրքական հարաբերությունների առիթով նա սահմանափակվեց մի նախադասությամբ. - «Այո, մենք պիտի կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց ոչ իմ հիշողության գնով»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG