Մատչելիության հղումներ

Կիրակի օրը մի կողմից` իրավապահների, մյուս կողմից` մի խումբ քաղաքացիների եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների միջեւ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, երբ խմբակցության ներկայացուցիչները եւ քաղաքացիները փորձել են անձրեւանոց տեղադրել, որպեսզի դրա տակ պատսպարվի Րաֆֆի Հովհաննիսյանը, ոստիկանները մոտեցել են եւ քաշքշել իրենց` կոտրելով անձրեւանոցի մետաղյա ձողը եւ պատռելով կտորը:

Իրավապահները քաշքշել են թե՛ քաղաքացիներին եւ թե՛ պատգամավորներին, այդ թվում` Լարիսա Ալավերդյանին, ով հայտնեց, որ ի նշան բողոքի` աթոռ է տեղադրել Օպերայի ծառայողական մուտքի մոտ եւ մտադիր է այնտեղ նստել այնքան ժամանակ, մինչեւ ներկայանան ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները եւ բացատրություն տան իրավապահների գործողությունների կապակցությամբ, որոնք, ըստ Ալավերդյանի, աննախադեպ են իր շուրջ 20-ամյա իրավապաշտպան գործունեության ընթացքում:

«Ոստիկանությունը առանց ավելորդ բացատրությունների սկսեց ուղղակի քաշքշել տեղադրվող սարքը: Ես փորձեցի եւս մտնել մեջտեղը, որ իրենք ինձ տեսնեն, որ կարողանամ ինչ-որ ձեւով կանխել այդ գործողությունները: Ցավոք սրտի, դա ուշադրության չարժանացավ, եւ հակառակը` բավականին մեծ եռանդով ջարդվեց եւ պատռտվեց այս սարքը, եւ չնայելով, որ, փաստորեն, ես արանքում հայտնվեցի այս երկաթների, իրենք շատ ուժգին ձեւով սկսեցին քաշել այս սարքը», - պատմեց Լարիսա Ալավերդյանը` հավելելով. - «Ոստիկանության գործողությունները սպառնում էին իմ առողջությանը եւ հասցրել են վնաս վերջույթներին` ձեռքեր, ոտքեր, այլ այդտեղ գտնվող անձանց, այդ թվում եւ` պատգամավորների»:

Պատգամավորը փոխանցեց նաեւ, որ տեղի ունեցածի մասին իրազեկել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին, որտեղից պատասխանել են, թե օրը կիրակի է, եւ իրենք չունեն համապատասխան ռեսուրսը:

Երեկոյան ավելի ուշ Ազատության հրապարակ է այցելել ոստիկանության հետաքննիչը, ով բացատրություն է վերցրել Լարիսա Ալավերդյանից, լուսանկարել կոտրատված ու պատռված անձրեւանոցը եւ արձանագրություն կազմել տեղի ունեցածի վերաբերյալ:

Տեղի ունեցածի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ոստիկանության քայլը հրահանգավորված քայլ էր` վերին իշխանություններից: Իրենք` ոստիկանները միգուցե անմիջական կրողներն են այդ անօրեն հրահանգի: Մեղքը իրենց չէ` իրենք շատ պարտաճանաչ ձեւով վերջին օրերի ընթացքում հսկել են անվտանգությունը Ազատության հրապարակի»:

«Բոլոր դեպքերում, թե' վրանի խնդիրը, թե' այս անձրեւանոցի հարցը իմ անձնական խնդրանքը չէ` դա իշխանության պարտականությունն է, եւ տվյալ դեպքում իշխանությունը ցույց է տվել իր դեմքի իրական արտահայտությունը, որը անհրաժեշտաբար պետք է փոխվի այսօր եւ ընդմիշտ», - հայտարարեց մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն»-ը միջադեպի մասին հաղորդում է ներկայացնելու դատախազությանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG