Մատչելիության հղումներ

Ֆուկուշիմայի ատոմակայանը կփակեն


Ճապոնիա - Ռազմական ուղղաթիռից ջուր է լցվում Ֆուկուշիմայի ատոմակայանի ռեակտորների վրա, 17-ը մարտի, 2011թ.
Ճապոնիա - Ռազմական ուղղաթիռից ջուր է լցվում Ֆուկուշիմայի ատոմակայանի ռեակտորների վրա, 17-ը մարտի, 2011թ.
Ճապոնացի ճարտարագետները, հրշեջներն ու զինվորականները կենաց ու մահու պայքար են մղում մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված Ֆուկուշիմայի ատոմակայանում ճառագայթող նյութերի արտաժայթքումները կանխելու համար։

Կիրակի օրը հաջողվել է վերականգնել ատոմակայանի թիվ 1 եւ թիվ 2 ռեակտորների էլեկտրասնուցումը։ Դա նշանակում է, որ վերջապես կհաջողվի միացնել այդ երկու գերտաքացած ռեակտորների հովացման համակարգերը։ Մինչ այդ, հրշեջները ռազմական ուղղաթիռներով ջուր են լցնում ռեակտորների վրա` փորձելով գոնե այդպես փոքր-ինչ նվազեցնել ջերմաստիճանը։

Ըստ մասնագետների, թիվ 3 եւ թիվ 4 ռեակտորների հովացման համակարգերի աշխատանքը վերականգնելու համար կպահանջի առնվազն մի քանի օր։

Գլխավոր վտանգը միջուկային վառելիքի հիմնական բաղադրիչների` ռեակտորում տեղադրվող ձողերի հալումն է. եթե դա տեղի ունենա, հալված միջուկային նյութը կխառնվի ջրածնին եւ թթվածնին եւ կարտանետվի մթնոլորտ։

Դա փորձում են կանխել հրշեջները։ Եթե մասնագետներն ասեն, որ հալումը արդեն անխուսափելի է, կմնա միայն «չերնոբիլյան» տարբերակը` հրշեջներն ու զինվորականներն ավազով եւ բետոնով կծածկեն ռեակտորները, ապա դրանց վրա կկառուցեն հատուկ քարադամբաններ։

Հարյուր հազարավոր մարդկանց տարհանել են վնասված ատոմակայանի գոտուց։ Էկոլոգիայի եւ բնական աղետների կառավարման նախարար Ռիու Մասումոտոն ասել է, որ աղետի դեմ պայքարողները ծանրագույն պատասխանատվություն են ստանձնել։

Ամբողջ աշխարհը ուշիուշով հետեւում է այդ մարտին եւ հույս հայտնում, որ այն ի վերջո կպսակվի հաջողությամբ։ Ո՞րն է հաջորդ քայլը։ Ճապոնիայի կառավարության քարտուղար Յուկիո Էդանոն ասել է, որ Ֆուկուշիմայի ատոմակայանն ամբողջությամբ կփակվի։

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը` ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել, որ այս ատոմակայանը երբեւէ հնարավոր կլինի նորից շահագործել», - ասել է Էդանոն։ Նրա փոխանցմամբ, այդպիսի եզրակացության են հանգել ոչ միայն կառավարության պաշտոնյաները, այլեւ ատոմակայանի օպերատորի` Tokio Electric Power Co ընկերության ղեկավարները։

Ֆուկուշիմայի ատոմակայանը կառուցել են անցած դարի 70-ական թվականներին, ատոմակայանում տեղադրված են այսպես կոչված «թեթեւաջուր եռացման ռեակտորներ»։

Վերջին տվյալների համաձայն, բնական կրկնակի աղետի` երկրաշարժից եւ ցունամիի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը գերազանցել է 21 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG