Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում ընդունվել են սահմանադրական փոփոխությունները


Եգիպտոսում հրապարակվել են երեկ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն, ընտրողների գերիշխող մեծամասնությունը` շուրջ 70 տոկոսը հավանություն է տվել փոփոխություններին։ Հանրաքվեին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 60 տոկոսը։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շուրջ 27 միլիոն եգիպտացիներ իրենց կյանքում առաջին անգամ են մասնակցել որեւէ քվեարկության, որի արդյունքը նախապես հայտնի չի եղել։

Սահմանադրական բարեփոխումներին հավանություն է տվել Եգիպտոսի հիմնական իսլամական քաղաքական կառույցը` Մահմեդական եղբայրությունը։ Բացի այդ, փոփոխությունների կողմնակից են հանդիսացել փետրվարի 11-ին գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի Ազգային դեմոկրատական կուսակցության մեծ թվով անդամներ։

Եգիպտոսն այսօր ղեկավարող զինվորականների խորհուրդը հայտնել է, որ երկրում քաղաքական իրավիճակի բարեհաջող զարգացման պարագայում արդեն փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին, ինչին որոշ ժամանակ անց կհաջորդեն նախագահական ընտրությունները։

Փոփոխված Սահմանադրությամբ Եգիպտոսում նախագահի լիազորությունների ժամկետը չորս տարի է լինելու, ընդ որում նույն անձը կարող է նախագահել առավելագույնը երկու անգամ։

Դիտորդների նախնական գնահատականը դրական է, նրանց կարծիքով, երեկվա հանրաքվեն հիմնականում ազատ էր եւ արդար։

Այդուհանդերձ, երեկ տեղի է ունեցել աղմկահարույց միջադեպ` հարյուրավոր վրդովված եգիպտացիներ քարեր եւ կոշիկներ են նետել Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ-Բարադեյի վրա այն պահին, երբ նա գնացել է ընտրատեղամաս` քվեարկելու։ «Մենք դեմ ենք ամերիկացի գործակալին»,- վանկարկել են զայրացած մարդիկ։

Մոհամեդ Էլ-Բարադեյը ստիպված հեռացել է ընտրատեղամասից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG