Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին եւ «Ժառանգության» պատգամավորներին


Կիրակի օրը մի կողմից` իրավապահների, մյուս կողմից` մի խումբ քաղաքացիների եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների միջեւ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, երբ խմբակցության ներկայացուցիչները եւ քաղաքացիները փորձել են անձրեւանոց տեղադրել, որպեսզի դրա տակ պատսպարվի Րաֆֆի Հովհաննիսյանը, ոստիկանները մոտեցել են եւ քաշքշել իրենց` կոտրելով անձրեւանոցի մետաղյա ձողը եւ պատռելով կտորը:

Իրավապահները քաշքշել են թե՛ քաղաքացիներին եւ թե՛ պատգամավորներին, այդ թվում` Լարիսա Ալավերդյանին, ով հայտնեց, որ ի նշան բողոքի` աթոռ է տեղադրել Օպերայի ծառայողական մուտքի մոտ եւ մտադիր է այնտեղ նստել այնքան ժամանակ, մինչեւ ներկայանան ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները եւ բացատրություն տան իրավապահների գործողությունների կապակցությամբ, որոնք, ըստ Ալավերդյանի, աննախադեպ են իր ամբողջ իրավապաշտպան գործունեության ընթացքում:

Պատգամավորը փոխանցեց նաեւ, որ տեղի ունեցածի մասին իրազեկել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:

Երեկոյան ավելի ուշ Ազատության հրապարակ է այցելել ոստիկանության հետաքննիչը եւ արձանագրություն է կազմել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Ժառանգություն»-ը, իր հերթին, միջադեպի մասին հաղորդագրություն է պատրաստել, որը ներկայացնելու է դատախազությանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG