Մատչելիության հղումներ

logo-print

Շաբաթ երեկոյան հինգ երկրների կոալիցիան սկսել է ռազմական գործողությունները Լիբիայի դեմ:

Ռազմական գործողությունների համար հիմք է ծառայում ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձեւը: Փաստաթուղթը Լիբիայի խաղաղ բնակչությանը այդ երկրի նախագահից պաշտպանելու համար նախատեսում է ցանկացած միջոցի կիրառում, ընդհուպ մինչեւ օդուժի կիրառումը, արգելելով սակայն, միջազգային ցամաքային ուժերի մուտքը:

Ինչպես «Ռոյթերզ» գործակալությանը հաղորդել են ամերիկյան դիվանագիտական անանուն աղբյուրները, կոալիցիայում ներգրավվել են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Կանադան: Ռազմական դաշինքի հիմնական թիրախը Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող օդային պաշտպանության համակարգերն են:

Հաղորդվում է, որ միացյալ ուժերը արդեն ավելի քան 110 թեւավոր հրթիռ են արձակել լիբիական ռազմական օբյեկտների ուղղությամբ, ակնկալվում է, որ առաջիկայում այդ գործողություններին կմիանա նաեւ առնվազն մի քանի արաբական երկիր:

Այս պահին Լիբիան գտնվում է ծովային շրջափակման մեջ. կոալիցիոն ուժերի մոտ 25 ռազմանավ, ներառյալ ամերիկյան երեք սուզանավերը, տեղակայվել են Միջերկրական ծովում:

Այսօր ավելի վաղ Քադաֆիին հավատարիմ ուժերը ներխուժել էին Բենգազիի մատույցներ, չնայած դեռ երեկ Լիբիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ պաշտոնական Տրիպոլին ընդունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւը եւ պատրաստ է կատարել դրա պահանջները, ուստի անհապաղ դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները եւ պատրաստ է երաշխավորել մարդու իրավունքները:

Լիբիայի ապստամբ ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ երեկ գիշեր եւ այսօր ամբողջ օրը շարունակված ռմբակոծությունից հետո Քադաֆիի ուժերը մտել են Բենգազի:

Մինչդեռ, Լիբիայի իշխանությունները պնդում են, որ իրենց զինված ուժերը ընդամենը ինքնապաշտպանական մարտեր են մղում, եւ հավաստիացնում են, որ իրենց իսկ հայտարարած հրադադարը չեն խախտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG