Մատչելիության հղումներ

Իրակա՞ն է արդյոք իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը


Հայաստանյան փորձագետները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մեկնաբանում են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկվա Մատենադարանի մոտ եւ Ազատության հրապարակում ունեցած ելույթները:

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթում նկատված փոփոխությունները միանգամայն նորմալ պետք է համարել: Կարծիքներ կան, որ նորանկախ Հայաստանի առաջին նախագահի` մարտի 1-ի հանրահավաքին հնչեցրած, «վերջնագրային» տպավորություն առաջացրած ելույթի համեմատ, երեկվա ելույթը առավել զուսպ էր:

«Քաղաքական գործընթացը ինքնին ստատիկ իրավիճակ չէ: Այնպես չէ, որ քաղաքական գործընթացում քաղաքական գործիչը պետք է միշտ նույնաբովանդակ ելույթներ ունենա: Ցանկացած քաղաքական շրջան պահանջում է իրեն բնորոշ գործունեություն եւ ըստ այդմ ելույթներ»:, - պարզաբանեց Բադալյանը:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի կարծիքով, մինչդեռ, Տեր- Պետրոսյանի խոսքում որեւէ անակնկալ կամ որեւէ շրջադարձ չկար. - «Երեկ ՀԱԿ-ի առաջնորդի հնչեցրած երկու ելույթներն էլ ես գնահատում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության եւ ՀԱԿ-ի ռազմավարության համատեքստում»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանը ներքաղաքական վերջին գործընթացների ու, մասնավորապես, ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի մեջ հասարակական առողջացման միտումներ է տեսնում:

«Վերջնագրային լեզվից դիալոգի եւ բանակցությունների գործելակերպին անցումը միշտ էլ առավել նախընտրելի ու ողջունելի է», - ասաց նա` որպես իշխանություն-ընդդիմություն բանակցությունների գործնական օրինակ մատնանշելով երեկ Ազատության հրապարակ մուտք գործելու համար ոստիկանների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Եթե այս ուղին շարունակվի, ապա, ինձ թվում է, որ այլեւս այն չարաբաստիկ դեպքերը, որ տեղի ունեցան [2008 թվականի] մարտի 1-ից հետո, այլեւս չեն կրկնվի, եւ մենք կհասկանանք, որ կա ուղի, որով կարելի է խնդիրները լուծել»:

«Երկխոսությունը դա ամենեւին էլ ընկերական խոսակցություն չէ, իշխանությունն ունի իր, ընդդիմությունը` իր խնդիրները, բայց դա չի նշանակում, որ նրանք չպետք է երկխոսեն», - հավելեց Պողոսյանը:

Իշխանության հետ որոշ հարցերում գործակցելու կամ երկխոսելու գաղափարը Տիգրան Պասկեւիչյանի համար նորություն չէ: Իշխանության հետ գործակցողը, սակայն, ՀԱԿ-ը չէ, այլ հասարակությունը:

«Հասարակության եւ իշխանության գործարքի գաղափարը նորից նորություն չէ», - ասաց Պասկեւիչյանը` շարունակելով. - «Քանի որ այսօր հասարակութան տրամադրությունները այնքան հախուռն են, այնքան շիկացած է սոցիալ-տնտեսական մթնոլորտը, ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը, օգտվելով դրանից, փորձում է կայացնել այդ համագործակցությունը` փորձելով զսպել նաեւ սոցիալական բունտը»:

Արմեն Բադալյանը այս զարգացումների մեջ ինչ-ինչ թաքնված գործակցություն կամ փոխհամաձայնություն չի տեսնում:

«Եթե այդպես լիներ, այսօր բոլոր քաղբանտարկյալներն ազատված կլինեին», - փաստարկեց նա` հավելելով, թե Տեր-Պետրոսյանի քայլերը ավելի լավ ըմբռնելու համար հարկ է նաեւ դրանք գնահատել, իբրեւ երբեմնի նախագահի, հետեւաբար եւ` պետական մտածողությամբ մարդու քայլեր:

Հայաստանյան փորձագետները մեկնաբանում են Տեր-Պետրոսյանի ելույթը
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG