Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե երեկ այդտեղ անցկացված ՀԱԿ-ի հանրահավաքի խորհուրդն այն է, որ «համաժողովրդական շարժումը պետք է շարունակվի»:

Մյուս խորհուրդը, ըստ «Ժառանգության» առաջնորդի, այն է, որ «եթե այդ պայքարն ունենալու է քաղաքական իրական արդյունք», ապա «նոր բանաձեւ, նոր ձեւաչափ» պետք է լինի, եւ ժողովուրդը ոչ մեկից` լինի հարթակում կանգնած կամ հացադուլի նստած, չպետք է հրահանգ ընդունի:

Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, հրահանգման տարիները անցել են, եւ այն ուժը, որը իրեն համարում է ժողովրդավարության ջահակիր, պետք է հասկանա, որ ոչ միայն ինքը երեկվա սխալներից վեր կանգնելու խնդիր ունի, այլեւ` որ հայ ժողովրդին հրահանգավորելու ժամանակները անցել են:

Հարցին, թե ինչու ՀԱԿ-ի առաջնորդը երեկ չմոտեցավ իրեն, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես որեւէ ակնկալիք չունեի: Պարզապես ուրախության, ցնծության մեջ էի, որ հայ ժողովուրդը երկարատեւ ընդմիջումից հետո վերատիրացավ իրեն պատկանող Ազատության հրապարակին: Եվ ակնկալիք չունենալով երեւէ ողջույնի` բոլոր դեպքերում, եթե հակառակը լիներ իրավիճակը, եւ առաջին նախագահը կամ ցանկացած այլ գործիչ լիներ հացադուլի մեջ, անկախ համոզմունքից կամ պատկանելությունից, ես, իհարկե, կմոտենայի եւ զորակցություն կհայտնեի»:

«Ես կարծում եմ, որ դա իր քաղաքականությունն է», - շարունակեց նա: - «Ժամանակին ես մտածում էի, որ միգուցե դա մշակույթի պակաս է, բայց ինքը լուսավորյալ մարդ է, խելացի գործիչ է: Ես կարծում եմ, որ դա կանխամտածված քաղաքականություն է, որի շարունակման դեպքում այստեղ հավաքված երեկվա ժողովուրդը հերթական եւ խիստ մեծ հիասթափություն է ապրելու: Ես կոչ եմ անում հերթական հիասթափությունը չտալ մեր ժողովրդին»:

Իսկ հարցին, թե կան արդյոք հակասություններ իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Իմ կողմից որեւէ հակասություն չկա: Ես հարգում եմ իրեն որպես երկրի առաջին նախագահ, ես եղել եմ իր կառավարության առաջին [արտաքին գործերի] նախարարը, դա իմ մեծագույն պատիվն էր, դրանից հետո դարձել եմ ընդդիմադիր թե' իրեն, թե' իրեն հերթափոխ նախագահներին: Ես քննադատություն ուղղել եմ իր ուղղությամբ եւ, կարծում եմ, հիմնավոր է եղել այդ քննադատությունը»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի ելույթին, մասնավորապես նրա հնչեցրած երեք պահանջներին («քաղբանտարկյալների» ազատ արձակում, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքների իրազեկման ընդունում եւ Մարտի 1-ի սպանությունների բացահայտում)` Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Դրանք օրիգինալ պահանջներ չեն: Թե' ՀԱԿ-ը, թե' «Ժառանգություն»-ը, մնացած քաղաքական ուժերը եւ հայ ժողովուրդը դա առաջին օրվանից ակնկալել է եւ պահանջել է: Եվ եթե հիմա ամեն ինչը բյուրեղացել է եւ քանի կետերից դարձել է այդ երեքը, դա եւս քաղաքականություն է եւ այդ երեք կետերը ինձ համար ընդունելի են»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG