Մատչելիության հղումներ

Շարմազանովը «արտահերթ ընտրությունների խնդիր» չի տեսնում


Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ այսօր Հայաստանում «արտահերթ ընտրությունների խնդիր չկա»:

Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները շարունակում են բարեփոխումները եւ դրանք պայմանավորված են ոչ թե որեւէ մեկի ճնշմամբ կամ միջնորդությամբ, այլ քաղաքական ծրագրով եւ օրակարգով:

«Չեմ կարծում, որ Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, ավելին` երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը նշեց, որ իրենք չեն շտապում: Չշտապելով կլինի հերթական ընտրությունը», - ասաց Շարմազանովը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը, ըստ Շարմազանովի, ցույց տվեց, որ երկու կողմերն էլ ունեն բավարար խոհեմություն` ներքաղաքական իրավիճակը չլարելու համար:

«Խոհեմ գտնվեցին, չգնացին բախումների, երկու կողմերի համար էլ շատ կարեւոր է ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելը, այլ առհասարակ կայուն քաղաքական զարգացում իրականացնելը: Պետք է ասեմ, որ ոստիկանությունը խոհեմ գտնվեց, թեեւ նման քայլերի կամ փոխզիջումների կարող է գնալ միայն այն իշխանությունը, որը ուժեղ է, լայնախոհ է եւ ժողովրդավարական արժեքների ջատագով է», -ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը առնվազն զարմանալի է որակում սեփական հայրենիքում Ազատության հրապարակ մուտք գործելը «հաղթանակ» կամ «վերանվաճում» անվանելը:

«Ազատության հրապարակը որեւէ մեկը որեւէ մեկի համար 3 տարի չի փակել, պարզապես օրենքով սահմանված կարգով այդ հրապարակը տրված է եղել այլ միջոցառումների համար», - ասաց նա` շեշտելով, որ ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում արտոնված չէր, «պարզապես երեկ տրվեց քաղաքական լուծում»:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ գործարքի արդյունք չէր Ազատության հրապարակը ընդդիմությանը տրամադրելը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, թե մեկնաբանությունները թողնում է լրագրողներին, սակայն իշխանությունը միշտ էլ պատրաստ է հասարակությանը հուզող հարցերի շուրջ երկխոսություն ծավալել բոլոր քաղաքական ուժերի հետ, ապա վրդովված շարունակեց. - «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կան մարդիկ, որ տխրել են, որ բախում չի եղել: Դա աննորմալ երեւույթ է: Սա ձեռքբերում է, եւ մենք պետք է ընդունենք, որ քաղաքական իշխանությունը լայնախոհություն ցուցաբերեց, որ գնաց երկխոսության առհասարակ բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ մի բան ասեմ` երկխոսություն մինչեւ այդ էլ է եղել»:

Իշխանությունը չի ընդունում շախմատ խաղալու առաջարկը, քանի որ, ըստ Շարմազանովի, Հանրապետական կուսակցությունն է խաղի կանոններ թելադրողը:

Շարմազանովը պնդում է, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունը 3 անգամ հրավիրել է ընդդիմությանը ուղիղ երկխոսության, սակայն մերժվել է, իսկ միջնորդավորված երկխոսություն միշտ էլ եղել է:

«Կոնկրետ քայլը այն է, որ այս փուլում 3 տարի անց մենք հասել ենք նրան, որ քաղաքական պրոցեսները գնում են բնականոն ճանապարհով, չեն գնում բախումների, նիհիլիզմը, մերժողականությունը եւ թշնամանքը խորացնելու ճանապարհով», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG