Մատչելիության հղումներ

Մարտի 18-ի մամուլ


«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Երեկ այնքան շատ էին էմոցիաները, որ շատ դժվար է խոսել երեկվա հանրահավաքի եւ դրա հետագա զարգացման` Ազատության հրապարակի վերանվաճման քաղաքական կողմի մասին: Ըստ երեւույթին, դրա մասին խոսելու ավելի պատեհ ու հարմար ժամանակը այն կլինի, երբ էմոցիաները կհանդարտվեն եւ հնարավոր կլինի տեղի ունեցածը հնարավորինս արդյունավետորեն քննարկել եւ դիտարկել արդեն քաղաքական լույսի ներքո: Ի վերջո, մենք գործ ունենք քաղաքական մի գործընթացի հետ, որ տեղի է ունենում Հայաստանում եւ ակնհայտորեն արձանագրում է իսկապես անակնկալ դրսեւորումներ: Այդ իմաստով, մարտի 17-ի հանրահավաքից հետո ձեւավորված զգացումը, թերեւս, կարելի է բնորոշել մեկ բառով` սպասում, սպասում հետագա զարգացումների, հետագա անակնկալների»:

«Փուլային հաղթանակի մեկնարկը» վերնագրված հրապարակման մեջ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեկվա հանրահավաքն իսկապես լուրջ բեկում մտցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը Կոնգրեսն անընդհատ փորձում էր իշխանություններին հասկացնել, որ երկրի վիճակը լուրջ է եւ չի կարելի «տղայականով» մոտենալ հարցերին: Պարզ ասած` Կոնգրեսն առաջարկում էր «շախմատ խաղալ» (այսինքն` զոռ տալ ոչ թե բռունցներին, այլ ուղեղին): Սերժ Սարգսյանն այդ հորդորները բանի տեղ չէր դնում, բայց աստիճանաբար սոցիալական լարվածությունը մեծացավ, Կոնգրեսը հզոր հանրահավաք անցկացրեց, եւ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ «Չապաեւ» խաղալու ժամանակներն անցել են` հիմա պետք է նորմալ շախմատ խաղալ: Դա, անկասկած, Կոնգրեսի` վերջին երեք տարիներին արձանագրած մեծագույն հաջողությունն էր, նրանք Սերժ Սարգսյանին ստիպեցին նստել խաղատախտակի մոտ»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Հանրահավաքին հավաքված բազմությանը ՀԱԿ-ի մատուցած անակնկալն իսկապես տպավորիչ էր. հայտարարեցին ու մի գրոհով, «առանց զոհերի» գրավեցին Ազատության հրապարակը: Համընդհանուր էյֆորիայի մեջ, սակայն, բոլորը մոռացան այն նահանջողական ուղերձները, որ Տեր-Պետրոսյանը հղեց «Հիմա, հիմա»վանկարկող բազմությանը: Դժվար է, իհարկե, միանշանակ պնդել, որ կասկածելիորեն հեշտ ձեռք բերված հաղթանակը բեմադրություն էր, սակայն այն փաստը, որ «արմատական» ընդդիմության եւ իշխանության գործողությունները շատ սինխրոն ու փոխլրացնող էին, ակնհայտ է»:

«Պարտություններից հոգնած ժողովուրդը երեկ մի փոքրիկ հաղթանակ տարավ՝ մտավ Ազատության հրապարակ, որն արդեն երեք տարի է՝ վերցվել էր նրանից: Սա նշանակում է, որ իշխանությունն ընդունակ է զիջելու, իսկ ժողովուրդը կարող է հաջողության հասնել, եթե համառ լինի եւ իր ցանկությունների մեջ՝ հաստատակամ», - գրում է «Հրապարակ»-ը: «Ես չեմ ուզում կրկնել այն ցուցարարի կարծիքը, որը պնդում էր, թե՝ «Լեւոնը պայմանավորվել է իշխանության հետ», բայց չեմ էլ կարողանում այդ մարդուն բացատրել, թե ինչով էր պայմանավորված այս քայլն ու Ազատության հրապարակը գրաված մարդկանց տուն ուղարկելը: Գուցե իշխանության բեռը ստանձնելու վախո՞վ», - հավելում է «Հրապարակ»-ի խմբագիրը:

«Հայկական ժամանակ»-ը այսօր գրում է. - «Հանրահավաքներում բազմաթիվ պաստառների շարքում կարելի է տեսնել «Ոչ մենաշնորհներին, ոչ օլիգարխներին» գրառումներով պաստառներ: Կարելի է պնդել, որ, ասենք, մի հինգ տարի առաջ հանրության մեջ չկար գիտակցում մեր տնտեսության, պատկերավոր ասած, որակի մասին: Բնակչության քանի՞ տոկոսն էր մտածում, որ տնտեսության խղճուկ վիճակի հիմնական պատճառներից մեկը մենաշնորհներն են: Շատ քիչ: Իսկ այսօր հանրության գիտակցությունն է փոխվել: Արդեն մանկապարտեզի երեխաներն էլ գիտեն, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, որովհետեւ չկա մրցակցություն, գները Հայաստանում բարձր են, որովհետեւ այս կամ այն ապրանքը ներկրում է միայն մի օլիգարխ եւ ինքն էլ որոշում դրա գինն ու որակը, ոչ թե շուկան: Այլ կերպ ասած` բազմաթիվ այլ դրդապատճառների շարքում մարդկանց փողոց է հանում ոչ թե այսրոպեական սոցիալական խնդիրը, այլ տնտեսության զարգացման եւ դրա որակի բարձրացման անհրաժեշտության գիտակցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG