Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խումբը կրկին կոչ է անում հանել դիպուկահարներին


Մինսկի խմբի համանախագահները Երեւանում

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), երեկ ուշ երեկոյան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, ամփոփել են մարտի 15-ից 17-ը Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած իրենց տարածաշրջանային այցը:

Համանախագահները նշում են, որ Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացրած հանդիպումներում իրենք հակամարտության կողմերին կոչ են արել օգտվել մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում առաջացած դրական տեղաշարժից եւ կենտրոնանալ առաջնահերթ խնդիրների վրա` հնարավորություն ստեղծելով առաջընթաց արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու հարցում:

ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում համանախագահները նաեւ քննարկել են Սոչիի հանդիպմանը համաձայնեցված` հրադադարի խախտումների քննության համար անհրաժեշտ կոնկրետ միջոցառումները:

«Համանախագահները ընդգծել են, որ շփման գծում վերջին զարգացումները, Սոչիի հանդիպումից առաջ եւ հետո, ի ցույց են դրել նման մեխանիզմի հրատապ անհրաժեշտությունը եւ կողմերին կոչ են արել հարգել հրադադարի պայմանավորվածությունը: Նրանք հիշեցրել են դիպուկահարներին հեռացնելու` իրենց վաղուցվա առաջարկը, ափսոսանք հայտնել, որ այն մինչ այժմ չի իրականացվել, եւ կրկին կոչ են արել գնալ այդ քայլին, ինչը հնարավորություն կտա խուսափել անմեղ զոհերից», - ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ տեղեկացնում են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հակամարտության կողմերին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացված դիտարկման եզրակացությունը: Նրանք նշել են, որ մարտի 23-ին եզրակացությունը ներկայացվելու է նաեւ Մինսկի խմբին, եւ մինչ այդ եզրակացության վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններ չեն հնչելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG