Մատչելիության հղումներ

Լիբիայում ստեղծվում է թռիչքազերծ գոտի


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայս

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայս

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 10 կողմ 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ քվեարկել է Լիբիայում թռիչքների արգելման գոտի հայտարարելու օգտին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամներից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան բանաձեւին հավանություն են տվել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել` հայտարարելով, որ թռիչքազերծ գոտու մասին որոշումը տեխնիկական եւ իրավական պարզաբանումների կարիք ունի։

Այնուամենայնիվ քաղաքական վերլուծաբանները նշում են, որ այդ երկու երկրների դիրքորոշումը ընձեռում է Լիբիայի հարցում ամենամոտ օրերին եւ նույնիսկ ժամերին ճակատագրական տեղաշարժ ակնկալելու հնարավորություն։

Ձեռնպահ են մնացել նաեւ Բրազիլիան, Հնդկաստանը եւ Գերմանիան։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, ըստ վերլուծաբանների, թերեւս, ամենատհաճ լուրն է ընդդիմության ջոկատների նկատմամբ վերջին օրերին ռազմական առավելություն արձանագրած Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի համար։

Խոսելով բանաձեւի մասին` ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսն ասել է, որ այն թույլ է տալիս կանխել գնդապետ Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակչության սպանդը։

«Արձագանքելով Լիբիայի ժողովրդի եւ Արաբական լիգայի խնդրանքներին` Անվտանգության խորհուրդը արտոնել է պաշտպանել մարդկանց բոլոր միջոցներով, դրանց թվում է նաեւ թռիչքազերծ գոտի հաստատելու ճանապարհով»,- ասել է Սյուզան Ռայսը։

Ըստ վերլուծաբանների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս վճիռը ճանապարհ է հարթում հարկ եղած դեպքում Լիբիայի նկատմամբ ռազմական գործողություններ կիրառելու համար։ Այնուամենայնիվ բանաձեւը Լիբիայի տարածք արտասահմանյան ցամաքային ուժերի ներխուժում չի նախատեսում։

Գնդապետ Քադաֆին սպառնացել է օտարերկրացիների միջամտության դեպքում Միջերկրական ծովում «կոշտ հակահարվածներ հասցնել թշնամուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG