Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Եկել է ռեալ գործերի իրականացման ժամանակը»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 17-ը մարտի, 2011թ.

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 17-ը մարտի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ եկել է «գործելու ժամանակը»:

«Մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք: Համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կապված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից: Շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետւ հապաղումը թե' նրա, թե' երկրի համար կարող է ճակատագրական լինել: Եվս մի հանրահավաք` եւ իշխանությունը իր դեմ կգտնի ողջ ժողովրդին: Ուստի, եկել է ռեալ գործերի իրականացման ժամանակը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդը հարկ համարեց փարատել մարտի 1-ի հանրահավաքում ներկայացված 15 պահանջների վերաբերյալ թյուրըմբռնումը. - «Հայտարարության մեջ նշված ժամկետը` մարտի 15-ը, վերաբերում էր ոչ թե ողջ փաստաթղթին, ինչպես ցավալիորեն ընկալել են շատերը, այլ միայն նրա առաջին կետին` քաղբանտարկյալների ազատ արձակմանը` ինքնըստինքյան հասկանալի լինելով, որ մյուս խնդիրների լուծման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում»:

«Դատելով որոշ ազդանշաններից, մասնավորապես, Սերժ Սարգսյանի երեք վերջին ելույթներից` վարչախումբը, եկեք ընդունենք, կարծես թե, արդեն հասկացել է, որ անհնար է հավերժ անտեսել կուտակված խնդիրներն ու անհաղորդ մնալ ժողովրդի արդարացի բաղձանքներին: Սակայն, այդ դրական միտումը դեռեւս ապացույցի, այսինքն` խոսքից գործի վերածվելու կարիք ունի», - նշեց ՏԵր-Պետրոսյանը` շարունակելով. - «Այս փուլում մենք անկնալում ենք քաղբանտակյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար: Մենք մաքսիմալիստ չենք, եւ առայժմ իշխանությանը անկյուն սեղմելու մտադրություն չունենք: Նշված երեք պահանջները հեշտությամբ լուծելի խնդիրներ են: Ուստի հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեեւ նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»:

«Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը:



Երկրի իրավիճակը նա «պայթյունավտանգ» որակեց` ընդգծելով, որ այն «շուտափույթ հանգուցալուծում է պահանջում»:

«Մենք ընբշամարտի կամ քիքբոքսինգի դուրս չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատը առանց ուղեղի, առանց ռազմավարության վերածվում է կլոունադայի: Եվ ես կխնդրեմ վերջ տալ այդ «հիմա»-ներին, «այսօր»-ներին: Մենք գիտենք երբ է դրա պահը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը`հավելելով, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու «սահուն եւ անցնցում». - «Ձեզ հետ միասին մենք ընտրել ենք այդ ճանապարհը, եւ իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր թելադրած խաղի կանոնները: Այն է` մեզ հետ խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից: Գործընկեր ասելով` ես նկատի չունեմ Հայ ազգային կոնգրեսը. իշխանության գործընկերը պետք է լինի հասարակությունը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG