Մատչելիության հղումներ

Ֆուկուշիմայի ատոմակայանում իրավիճակը «տագնապալի է»


Ռազմական ուղղաթիռը ջուր է լցնում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա:
Ռազմական ուղղաթիռը ջուր է լցնում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա:

Ճապոնիայի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել՝ միջուկային լայնամասշտաբ աղետից խուսափելու համար: Չնայած դրանց, երկրաշարժից ու ցունամից տուժած Ֆուկուշիմայի ատոմակայանում իրադարձությունները զարգանում են բավական տագնապալի սցենարով։

Արդեն երկրորդ օրն է՝ ուղղաթիռները ծովից տոննաներով ջուր են բարձրացնում եւ օդից լցնում ատոմակայանի ռեակտորների վրա, որտեղ վնասվել է զովացման համակարգը՝ առաջ բերելով ատոմային վառելիքի ձողերի հալման վտանգ։

«Մենք այս պահին անում ենք հնարավոր ամեն բան՝ ռեակտորները սառեցնելու համար», – հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն։

Իշխանությունների խոսքով, ռազմական ուղղաթիռներից բացի, վնասված ատոմակայանում շարունակում են աշխատել նաեւ մասնագետները, որոնք ջանքեր են գործադրում էլեկտրաէներգիայի սնուցումը վերականգելու եւ զովացման համակարգը աշխատեցնելու ուղղությամբ։

Այդուամենյանիվ, միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, այս փորձերից որեւէ մեկը առայժմ լուրջ արդյունքներ չի տալիս. գերտերությունների ու ոլորտի մասնագետների հայտարարությունները գնալով ավելի հոռետեսական են դառնում։

Չինաստանը պահանջում է պաշտոնական Տոկիոյից ժամանակին եւ համարժեք տեղեկություններ հրապարակել իրադարձությունների զարագացման վերաբերյալ, Գերմանիայի կանցլերը վթարը «ապոկալիպտիկ» է բնորոշում, Միացյալ Նահանգները հայտարարում է, թե Ճապոնիայի իշխանությունները թերագնահատում են աղետի ծավալները։

«Տագնապ են հարուցում ոչ միայն ատոմակայանի երեք` վնասված ռեակտորները, այլեւ իրավիճակը չորրորդում», – երեկ Միայցալ Նահանգների Կոնգրեսում հայտարարել է Միջուկային էներգիայի դաշնային հանձնաժողովի ղեկավար Գրեգորի Յացկոն:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Ճապոնիա, որտեղ «շատ լուրջ իրավիճակ է ստեղծվել»: Առայժմ, սակայն, չի հաղորդվում՝ արդյո՞ք Ամանոն նաեւ աղետներից տուժած ատոմակայան է այցելելու։

Մի շարք երկրների կառավարություններ հորդորում են իրենց քաղաքացիներին լքել Ճապոնիայի տարածքը. միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, ավիատոմսերը գրեթե բոլոր ուղղություններով արդեն սպառվել են ։

Տեղում կառավարությունը տարհանել է շուրջ 28 հազար մարդու , ոորնք բնակվում էին Ֆուկուշիմայի ատոմակաից 20 կմ հեռավորության վրա, ակնկալվում է , սակայն, որ առաջիկայում տարհանվողների թիվը նույնպես կավելանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG