Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ դիմել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակին, Եվրոպայի խորհրդին եւ միջազգային այլ կառույցներին` տեղյակ պահելով, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել, եւ ակնկալելով, որ նրանք կապահովեն Հովհաննիսյանին անհրաժեշտ պայմաններով` վրանով եւ տաքացուցիչով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը փորձել է Հայաստանի իշխանություններից բացատրություն ստանալ, թե ինչու է ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին արգելում վրան տեղադրել:

«ԵԱՀԿ-ի կողմից բարձրացված հարցին ի պատասխան հնչել է բացատրություն, թե պետական պահպանության օբյեկտների կողքը չի կարելի նման վրան տեղակայել», - ասաց Սաֆարյանը` զարմանք հայտնելով, թե որքանով են Օպերային մերձակա սրճարանները պետական պահպանության օբյեկտ համարվում:

Սաֆարյանը հավելեց. - «Իրավապաշտպան շրջանակներ արտերկրում, Եվրոպայում այլեւ զբաղվում են նաեւ այս խնդրով, որովհետեւ սա բացառիկ բան է, երբ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի արհամարհում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»:

Իրավապահները, հիշեցնենք, արդեն երրորդ օրն է, որ արգելում են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին գիշերել վրանում: Ոստիկանությունը որեւէ պատճառաբանություն առայժմ չի ներկայացրել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմինե Հովհաննիսյանը, բացատրելով, թե ինչու է «Ժառանգության» առաջնորդը հրաժարվում պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել ավելի քիչ ակտիվություն ցուցաբերել:

«Արդեն երրորդ օրն է հացադուլի մեջ է եւ խմում է միայն ջուր, դեմքից արդեն երեւում է, որ գնալով հյուծվում է… Բայց ոգին շատ բարձր է դեռ, եւ այսքան մարդկանց հոսքը ամբողջ օրվա մեջ իրեն հուսադրում է», - ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, հիշեցնենք, հացադուլ է հայտարարել` ակնկալելով, որ իշխանությունները հրաժարական կտան:

Իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ հացադուլը «PR-ի տարրեր է պարունակում»` Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է դրանով իր վրա հրավիրել ՀԱԿ-ի հանրահավաքի ուշադրությունը:

Շարմազանովի համոզմամբ, ընդդիմադիր դաշտում պայքար է ընթանում, թե «ով կշահի հասարակության ավելի լայն շերտերի ձայները», եւ այդ առումով մրցակցություն կա ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ:

Հակադարձելով Շարմազանովին` «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկեց, որ «նման մի PR ակցիա էլ Հանրապետականի ղեկավարը անի». - «Եվ թող Սերժ Սարգսյանը, որը չունի բացարձակ վարկանիշ, ինքն էլ նման PR ակցիայի մասնակիցը դառնա, ինքն էլ հացադուլի միջոցով փորձի բարձրացնել իր վարկանիշը: Սա, իհարկե, ոչ թե PR ակցիա է, այլ ահազանգ է ամբողջ մեր հասարակությանը, ամբողջ ժողովրդին, որ մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ հնարավոր է կորցնենք մեր երկու պետականությունները»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG