Մատչելիության հղումներ

Գնաճը ադրբեջանցիներին ստիպում է գնումներ կատարել Իրանից


Ադրբեջան / Իրան – Ադրբեջանցիները հատում են Իրանի հետ սահմանը` էժան սննդամթերք գնելու համար
Ադրբեջան / Իրան – Ադրբեջանցիները հատում են Իրանի հետ սահմանը` էժան սննդամթերք գնելու համար
Ավելի քան 3 հազար ադրբեջանցի ամեն օր հատում է Իրանի հետ սահմանը՝ հարեւան երկրից էժան սննդամթերք գնելու համար։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, ամեն օր հարյուրավոր մարդիկ խմբվում են սահմանային անցակետի մոտ` որտեղ վաղ առավոտից երկար հերթեր են գոյանում, ու ժամերով սպասում` Իրանի տարածք անցնելու համար:

«Այնտեղ ամեն ինչ շատ ավելի էժան է՝ միսը, կարագը, ձուն: Մենք հարյուր դոլար թոշակ ենք ստանում, եւ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասում էին հերթ կանգնածները:

Վերջին ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գները Ադրբեջանում սրընթաց աճ են արձանագրել. շաքարավազը, օրինակ, թանկացել է 9.5 տոկոսով, կարտոֆիլը՝ ավելի քան 12 տոկոսով։ Ընդ որում, սրանք պաշտոնական տվյալներն են: Մինչդեռ, անկախ փորձագետների հաշվարկներով գնաճի ցուցանիշները շատ ավելի մեծ են։

Կառավարությունը պնդում է, թե գնաճի պատճառը միջազգային շուկայի վայրիվերումներն են, սակայն փորձագետների համոզմամբ, մեծ դեր են խաղում նաեւ կոռուպցիան եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվող մենաշնորհները։

«Ադրբեջանական շուկա սննդամթերք ներմուծելու իրավունքը փաստացի պատկանում է մեկ-երկու ընկերության, մյուսները այդ ոլորտ մտնելու իրավունք չունեն», - պարզաբանում է անկախ փորձագետ Վուգար Բայրամովը եւ ընդգծում. - «Այս մենաշնորհները խթանում են գնաճը, քանի որ մրցակցություն չկա ո'չ այդ ապրանքների վաճառքի, ո'չ էլ դրանց գների առումով»։

Գնաճին նպաստող հաջորդ գործոնը, ըստ փորձագետների, կառավարման համակարգում, մասնավորապես, մաքսային ծառայությունում տարածված կոռուպցիան է:

«Մենք պարզեցինք, որ շաքարավազը, օրինակ, ներմուծվում է 1 կիլոգրամը 35 ցենտով, իսկ ներքին շուկայում վաճառվում է չորս անգամ ավելի թանկ՝ կիլոգրամը 1 դոլար 20 ցենտով», - ասում է Բաքվի տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գուաբադ Իբադօղլուն։

Տնտեսական զարգացման նախարարությունը հավաստիացնում է, թե հետեւում է գների տատանումներին, եւ պատրաստ է խստորեն պատժել գործարարներին՝ չհիմնավորված թանկացումների համար։

Շարքային քաղաքացիներին, սակայն, այդ հավաստիացումները դեռեւս չեն համոզում, եւ շատերի համար միակ այլընտրանքը մնում է հարեւան Իրանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG