Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները այցելել են Ղարաբաղ



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 16-ին այցելելով Լեռնային Ղարաբաղ, հանդիպել են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպումը մոտավորապես երեքուկես ժամ է տեւել։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը անընդունելի է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով:

Ըստ հաղորդագրության՝ «Բակո Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմների մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության եւ խաղաղության պահպանման գործում»:

Հանդիպումից հետո, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում, միջնորդները անդրադառնալով տարածաշրջանային իրենց հերթական այցելությանը, ասել են, որ կողմերի հետ հիմնականում քննարկել են շփման գծի իրավիճակը եւ կորուստների սահմանափակման հնարավորությունները:


Համանախագահները Ղարաբաղի իշխանություններին են ներկայացրել նաեւ 2010 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում անցկացված դաշտային առաքելության զեկույցը։

Միջնորդները չեն մանրամասնել զեկույցի բովանդակությունը` հայտնելով, որ հաջորդ շաբաթ Վիեննայում այն ներկայացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներին։

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել է, թե իրենք նպատակ ունեն այցելելու բոլոր այն տարածքները, որոնք «շոշափել է հակամարտությունը»:

Հիշեցնենք, որ երբ 2010 թվականի հոկտեմբերին գնահատման խումբը մեկշաբաթյա դիտարկումներ անցկացրեց Ղարաբաղին հարակից տարածքներում, հայկական կողմը առաջարկում էր նմանատիպ դիտարկում անցկացնել նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նախկին հայկական բնակավայրերում։

Իգոր Պոպովը անդրադառնալով նաեւ Սոչիում ընդունված հայտարարությանը` ասել է, թե իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հայտարարությունը ժամանակին է արվել:

«Մոնիթորինգային առաքելությունը սովորաբար այցելում է միջադեպերի վայրեր, սակայն միշտ չէ, որ առաքելության արդյունքները օբյեկտիվ են եղել», - ասել է ռուսաստանցի համանախագահը` ավելացնելով, որ դրա համար իրենք ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում, ե'ւ Ստեփանակերտում քննարկել են միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման հետ կապված հարցեր:

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG