Մատչելիության հղումներ

Էրդողանը Մոսկվայում խոսել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, 16 մարտ, 2011
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, 16 մարտ, 2011
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած մամլո ասուլիսում անդրադարձել է 1921 թվականին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրին:

Էրդողանը հիշել է, որ մարտի 16-ին լրանում է այդ պայմանագրի ստորագրման 90-ամյակը: Նա պայմանագիրը կարեւոր է համարել թուրք-ռուսական հարաբերությունների համար, կարեւորել է նաեւ այդ պայմանագրով Թուրքիայի ստացած ֆինանսական օգնությունը բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից:

1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով Նախիջեւանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Կարսը եւ Սուրմալուն` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրվագծել է ներկայիս հայ-թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով Արարատ լեռը:

Ռուսաստանի նախագահը պայմանագրի մասին շատ չի խոսել, նա ընդամենը ասել է, որ Էրդողանի խոսքերից հետո, ըստ էության, ոչինչ չունի ավելացնելու: Մեդվեդեւը Էրդողանին է հանձնել մի լուսանկար, որտեղ պատկերված, թե ինչպես է Ռուսաստանի այն ժամանակվա արտաքին հարցերի ժողկոմ Չիչերինը իր թուրք գործընկերոջը հանձնում այդ պայմանագիրը:

Թուրքիայի վարչապետը այսօր առավոտյան Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը:

«Անկարան համոզված է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը նպաստելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - ասել է Էրդողանը` հավելելով, թե բարձր է գնահատում թե' Ռուսաստանի, թե' ընդհանրապես Մինսկի խմբի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG